Իրենց շեֆը մեր շեֆը չէ. Մամիջանյան
«Խորհրդարանն իրավունք ունի գծել սահմաններ, որոնցից կառավարությունը բանակցելիս իրավունք չունի դուրս գալ։ Եթե իրենցից ինչ-որ մեկը դեմ է, որ հայ ժողովրդի մեջքի հետևում Հայաստանի և Արցախի շահերի ոտնահարմամբ կարող են ստարագրվել փաստաթղթեր, իրենց խնդիրն է, բայց իրենց շեֆը մեր շեֆը չէ, մեզ հաշվետու է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել առաջնագիծ, սահման, բայց թույլ են տալիս իշխանական պատգամավորներին։ Ինչ վերաբերում է առաջնագծում ամրաշինական, ինժեներական աշխատանքներ չկատարելուն, Մամիջանյանը նշեց, թե այս իշխանության մոտ միշտ ձմեռ է։
«Վանաձորում ընտրություններից առաջ ձմռանը կարողանում են ասֆալտ փռել, իսկ ամրաշինական աշխատանքներ ամբողջ տարի չեն կարողանում իրականացնել»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամվորը։
«Մեր փառապանծ զինվորների ծնողները պետք է գիտակցեն, որ իրենց երեխաների վատ պայմանները միայն կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործության հետևանքն են։
Առաջնագծում աշխատանքներ չեն կատարվում, որովհետև մենք չունենք հայամետ իշխանություն, մեր պետությունը կառավարող մարդիկ հակված են հանկարծ թշնամուն չջղայնացնել, Արցախ պետական այց չունենալու և նման այլ դրսևորումներով։
Պետության համար պատերազմում կռված զինվորի աճյունի նկատմամբ վերաբերմունքը ուղիղ հայելի է, թե ոնց կվերաբերվի այս պահին սահմանը պահող զինվորին»,- ասաց նա։
Խոսելով Ադրբեջանի նախագահի՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման կամ հակառակ դեպքում ուժի կիրառման վերաբերյալ հայտարարության մասին՝ Հ. Մամիջանյանն ասաց, թե ՀՀ իշխանությունները ամեն ինչին անդրադառնալու ժամանակ ունեն՝ բացի Ալիևի հայտարարություններից։
«Երբ մենք ասում ենք, որ ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման վտանգի տակ չի կարող բանակցություններ տեղի ունենալ, խոսում էինք հենց սրա մասին»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ Հայկ Մամիջանյանն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արագ տեմպերով գահավիժում է և շուտով կմնան միայն վարչական ռեսուրսի և ընտրախախտումների միջոցով ստացած ձայների հույսին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան