«Փաստ». Իշխող ուժին չի հաջողվի համայնքապետ ունենալ
«Փաստ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով հետաքրքիր վիճակ է ստեղծվել Նոյեմբերյան խոշորացված համայնքում: Այստեղ առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 43,75 տոկոս ձայներով: Սակայն, ինչպես երևում է, իշխող ուժին չի հաջողվի համայնքապետ ունենալ:
Բանն այն է, որ մյուս երկու ուժերը՝ «Ապրելու երկիր» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները միասին կարող են ստանալ բացարձակ մեծամասնություն, քանի որ համապատասխանաբար ստացել են 29,55 և 26,67 տոկոս:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում այս երկու քաղաքական ուժերի միջև կոալիցիա կազմելու և համայնքային իշխանություն ձևավորելու հարցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա 2-3 օրվա ընթացքում կհայտարարվի համագործակցության մասին, և Նոյեմբերյանում ևս ՔՊ-ն կվերադառնա իրեն հոգեհարազատ կարգավիճակին, այսինքն՝ կդառնա ընդդիմություն:
Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում էր Կողբի նախկին համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ցուցակը՝ ձեռներեց, նախկինում բանկային համակարգում տարբեր պաշտոններ զբաղեցրած Մհեր Աղամյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: