Հիմա ընտրակաշառքի դրսևորումները պետական ֆինանսների հաշվին են, ոչ թե նախկինի պես մի քանի օլիգարխների. Սոնա Այվազյան
«Ընտրողներն այսօր ունեն ազատ կամարտահայտվելու իրավունք և կարողանում են իրացնել, բայց այն երևույթները, որոնք նկատում ենք, թույլ չեն տալիս շատ ոգևորվել և հասկանալ՝ սա մի առաջընթաց է, որը կայուն է, կպահպանվի»,- ասուլիսում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
Նա նշեց, որ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությամբ դիտվում են որոշակի վարչական ռեսուրսի չարաշահումներ: Նա ասաց, որ այդ խնդիրը դիտվել է և 2018 թվականի, և 2020 թ. հունիսի, և վերջին ամիսների ՏԻՄ ընտրություններում, և դրանց արձագանք, լուծումներ չեն տրվում:
«Նախկինում ականատես էինք մասնավոր փողերի ներդրմանը կաշառքի ձևով և մասնավոր ռեսուրսների ձևով, քրեական կապերի միջոցով, հիմա, նախկինի համեմատ, պետական ռեսուրսն ավելի շատ է օգտագործվում: Մասնավորապես, բյուջեից տրվող նպաստները, օգնությունները, սուբսիդիաները, տարբեր անվանումներով հատկացումները, երբ համընկնում են ընտրական ժամանակահատվածին, անկախ նրանից, թե ինչ նպատակով են արվել, մեր կողմից գնահատվում են որպես ընտրակաշառքի դրսևորում պարզապես պետական ֆինանսների հաշվին, ոչ թե մի քանի օլիգարխների հաշվին»,- ասաց Ս. Այվազյանը:
Նա նշեց, որ ընտրությունների ժամանակ շատ ակտիվ են մարզպետերը: Ըստ Ս. Այվազյանի, թեև օրենքով չի արգելվում, սակայն երևույթն ինքնին չի դադարում լինել վարչական ռեսուրսի չարաշահում, քանի որ դրա նպատակն ակնհայտորեն ընտրողների կարծիքի վրա ազդեցությունն է, հնարավոր է նաև որոշ դեպքերում ճնշում գործադրեն:
«Ականատես ենք նաև, որ դպրոցի ուսուցիներն են ակտիվ մասնակցում քարոզչությանը կամ դպրոցների տարածքներն են օգտագործվում: Այս երևույթները չեն գնահատվում որպես խնդիր ներկումս իշխող կուսակցության կողմից և ջանք չի գործադրվում նմանատիպ արատավոր պրակտիկները վերացնեն:
Դա մեզ մտահոգություն է պատճառով, մտածում ենք՝ արդյո՞ք պետք է պատրաստվենք ականատես լինելու նրան, որ շուտով դպրոցի տնօրենները ևս պետք է դառնան ՔՊ կուսակցության անդամ, ինչպես նախկինում էր ՀՀԿ-ացումը:
Կամ արդյո՞ք պետք է շուտով տեսնենք կուսակցության ղեկավարի նկարները համայնքապետերի սենյակներում, ինչը հիմա տեսնում ենք պատգամավորների մոտ: Այս դրսևորումները, որոնք նախկինում դատապարտվում էին ՔՊ այսօրվա ներկայացուցիչների կողմից, ներկայումս իրենք են կիրառում այս մեթոդները»,- ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրենը:
Նա նշեց, որ այս ամենն իրենց զգուշացնում է քննադատություններում լինել ավելի կոշտ, դրանք պարզապես նեղ կուսակցական խնդիրներ չեն, հանրային խնդիրներ են ու դատապարտելի են:
Ս. Այվազյանը առանձնացրեց նաև իրավապահ համակարգի օգտագործումն ընտրությունների ընթացքում կամ հենց քվեարկության օրը:
«Գիտենք, որ նախկին համայնքապետերի, պաշտոնյաների նկատմամբ կան հարուցված քրեական գործեր, անշուտ, ոչ անհիմն: Ակնկալում էինք, որ այդ գործերով դատարաններում որոշումներ պետք է կայացվեին:
Հասկանալի չէ, թե ինչու են ակտիվ իրավապահ գործողություններ ձեռնարկում հենց ընտրության նախաշեմին, քվեարկության օրը: Միտումնավոր է արվում կամ եթե ոչ, բայց համընկնելով ընտրության գործընթացի հետ, կասկածներ է սերմանում, որ արվում է իրավապահների վարչական ռեսուրսն օգտագործելով, ինչը վատ է ու վտանգավոր, դատապարտում ենք նման արարքը»,- ասաց Սոնա Այվազյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ապրելու երկիր» կուսակցությունը դրական է գնահատում ՏԻՄ ընտրություններում արձանագրված արդյունքները
- ԱՄՆ դեսպանատուն. Մեզ նաև հասել են ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ
- Արևերույթ 12 հանցավոր ընտրախախտում՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում
- Ընտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
- Իշխանությունն իր ողջ պետական ռեսուրսներով փորձում է ամեն քայլի դիմել ՏԻՄ-երը ևս նվաճելու համար. Իշխան Սաղաթելյան
- «Ֆեյք» ահազանգի հիման վրա էին բերման ենթարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուներին. Փաստաբան
- Բերման են ենթարկվել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուներ
- Դիմելու ենք ԿԸՀ՝ վարչական ռեսուրսի տարբեր կիրառումների դեպքերով. «Էջմիածին» դաշինքի թեկնածու
- ՏԻՄ ընտրությունների նախօրեին Փաշինյանն Արարատի մարզպետին արձակուրդ է ուղարկել
- ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Արարատի մարզում ՔՊ-ականը փող է բաժանում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում