Չենք ձևակերպել, թե մեր ԶՈւ ինչ խնդիր ունի լուծելու, ինչ խնդիր ենք դնում ԶՈւ վրա Արցախի, Հայաստանի մասով. Տիգրան Աբրահամյան
«Հետպատերազմյան ժամանակահատվածում հռչակված Զինված ուժերի բարեփոխումների ծրագիրն առ այս պահը դեռ չի հաստատվել, ավելին՝ նույնիսկ քննարկում չի անցել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, ըստ այդմ, ԶՈւ-ի հետ կապված պայմանական բարեփոխումները որևէ արտացոլում չունեն 2022-ի բյուջեի նախագծում»,- 2022 թվականի պետական բյուջեի նախագծի մասին քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ խոսում են Զինված ուժերի բարեփոխումների մասին, բայց մինչև այդ բարեփոխումները առարկայական քննարկումներ չեն ստացել, որևէ ձևով այդ հայեցակարգն ընդունված չէ, սակայն քննարկում կամ հաստատում են ռազմական բյուջե:
«Մենք չենք էլ ձևակերպել, թե ո՞ւր ենք գնում, ի՞նչ ճանապարհով ենք գնում: Կա՞ որևէ մեկը, որը գիտի, թե մենք ինչ մոդելի Զինված ուժեր ենք կառուցում, համակարգն ինչպիսի փոփոխությունների ենք ենթարկում և, ըստ այդմ, որ ուղղությամբ ենք շարժվելու», - ասաց Տ.Աբրահամյանը:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ այս բյուջեում որևէ կետով արտացոլում չունի հայկական կողմից կորուստների վերականգնումը, մարտունակության, անվտանգության աստիճանի բարձրացման հետ կապված ստեղծված խնդիրները, և այս պարագայում այս փաստաթուղթը բերել ու ընդունել, ուղղակի անտրամաբանական է գոնե ռազմական բյուջեի մասով:
«Խոսում ենք այն մասին, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացից հետո Սոթք-Խոզնավար հատվածում սահմանապահ զորքերն են ծառայություն իրականացնելու, բայց բյուջեում որևէ արտացոլում չկա: Հիմա կողմնորոշվենք՝ գնում ենք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացո՞վ, լրիվ այլ ճանապարհո՞վ: Եթե 100 կիլոմետրանոց սահմանի մասին ենք խոսում ու դա որևէ արտացոլում այս բյուջեում չկա, նշանակում է՝ մենք սահմանի անվտանգության, պաշտպանության մասին կամ թյուր պատկերացումներ ունենք կամ որևէ ցանկություն չունենք այս խնդիրներին որևէ կարգավորում տալ»,- ասաց Տ.Աբրահամյանը:
Նա նշեց, որ խոսում են բանակի գրավչության, անվտանգության համակարգի վերականգնման մասին, սակայն ռազմական բյուջեում այս մասով որևէ բան արտացոլված չէ:
«Ռազմական բյուջեի փոքր վերլուծությունը, անվտանգային համակարգին ուղղված միջոցառումների փոքր հետազոտությունն առհասարակ ցույց է տալիս, որ մենք հաջորդ տարվա համար որևէ անելիք, որևէ տեսանելի բան նախատեսած չունենք:
Իրականության մեջ մենք չենք ձևակերպել, թե մեր զինված ուժերն ինչ խնդիր ունի լուծելու, ինչ խնդիր ենք դնում ԶՈւ վրա, ինչ խնդիր ենք դնում ԶՈւ վրա Արցախի մասով, Հայաստանի հարցում: Որևէ բան ձևակերպված չէ:
Այս բյուջեի հենց մենակ ռազմական բլոկը հաշվի առնելով, հենց միայն տարածաշրջանային սպառնալիքները հաշվի առնելով և դրա հետ կապված որևէ լուծումները չտրվելու մասը հաշվի առնելով՝ կարելի է դեմ քվերակել ու առհասարակ էլ որևէ բան չքննարկել»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսին 6.1% գնաճի պարագայում իրական աշխատավարձերը նվազել են 0.4 %-ով, իսկ հոկտեմբերին գնաճն արդեն 9,1 % է. Վահե Հակոբյան
- 2022 թ. պետբյուջեի նախագծի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ են եղել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան