Կառուցապատման օրենսդրությունը խրախուսում է կոռուպցիան. ԹԻՀԿ փորձագետ
«Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի պրոցես որպես այդպիսին տեսանելի է: Բայց կան ոլորտներ, որտեղ փոփոխություններ դեռևս չեն եղել, վստահ չենք՝ նախատեսվելու են, թե ոչ, մտահոգություն է առաջանում՝ արդյո՞ք այդ ոլորտներում ենթադրվում են որոշակի փոփոխություններ,- ասուլիսում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
Նա նշեց, որ այդպիսի երեք ոլորտ են առանձնացրել՝ գնումներ, քաղաքաշինություն, ընտրություն, մասնավորապես՝ վարչական ռեսուրսի կիրառում:
ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասաց, որ գնումների ոլորտը ոչ միայն ՀՀ-ում, այլ ամբողջ աշխարհում կոռուպցիոն զգայուն ոլորտ է համարվում, կոռուպցիոն ռիսկերը զգալի են այդ ոլորտում: Նա նշեց, որ պետական գնումների հիմնական սկզբունքն է՝ հատուցման դիմաց արժեքի սկզբունքը, եթե արժեքը չի ստեղծվում, լուրջ կասկածներ կան, որ այդ արժեքի չստեղծումը կարող է նաև կոռուպցիայի հետևանք լինել:
Վ. Հոկտանյանն ասաց, որ այս ոլորտում օրենսդրական մի քանի տիպի խնդիրներ կան, նաև մեկ անձից գնումների հետ կապած խնդիրները, գնումների ընթացակարգի սահմանափակ լինելը:
Նրա խոսքով, արժե ունենալ պետգնումների առանձին ռազմավարություն, էլեկտրոնային գնումների համակարգը բավականին առաջ է գնացել, բայց բաց տվյալների խնդիրը մինչև վերջ լուծված չէ, անելիքներ շատ կան:
ԹԻՀԿ ծրագրի ղեկավարն ասաց, որ բավականին թույլ են կարողությունները գնման առարկայի բնութագրերի կազմման հարցում:
ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ կառուցապատման, տարածական զարգացման, պլանավորման օրենսդրությունը գտնվում է բավական խայտառակ վիճակում:
«Գործող օրենսդրությունը կազմված է 35-40 իրավական ակտերից, որոնց ուսումնասիրությունը բացահայտում է այն իրավիճակը, որը բովանդակում է այդ օրենսդրության մեջ: Այդ օրենսդրությունը, կարելի է ասել, խրախուսում է կոռուպցիան, որովհետև լայն հայեցողություն է դրսևորում պետական մարմիններին՝ մի պարագայում քաղաքացու իրավունքների չարաշահման հետ կապված, մյուս պարագայում բիզնեսի կառավարելիությունը դարձնել քաղաքական իշխանության ազդեցության տակ:
Այստեղ ամենակարևոր խնդիրը հանրային և մասնավոր շահի բալանսավորման խնդիրն է»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում