Սահմանամերձ գյուղական համայնքներում 450 կազմակերպություն օգտվում է հարկային արտոնություններից
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է արտոնությունը տարածել նաև քաղաքային համայնքներում: Այսպիսով, ինչպես նշեց հարցը զեկուցող ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, Բերդ և Ճամբարակ համայնքներում արտադրական գործունեություն կազմակերպողները ևս կազատվեն ԱԱՀ-ից: Բացի այդ, փոփոխություններով առաջարկվում է սուբյեկտին արտադրանքի կազմակերպման համար տրվող արտոնությունից ազատվելու հնարավորություն տալ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե շուրջ մեկ տարի է գործում է օրենքը՝ ինչպիսին է իրավիճակը, որքանո՞վ են քաղաքացիները օգտվում օրենքից:
Էմիլ Տարասյանն ասաց, որ մանրակրկիտ ուսումնասիրություն են կատարել՝ արտոնություններից օգտվողների շրջանակը ճշգրտելու համար: Ըստ այդմ՝ սահմանամերձ գյուղական համայնքներին տրամադրվող հարկային արտոնությունների մասին օրենքից օգտվում է 450 կազմակերպություն:
«Օրենքը տարածվում է 31 համայնքների վրա: Ընդհանուր հասույթն էլ կազմում է 1,1 մլրդ դրամ: Սակայն այս պահին դեռ չենք կարող ասել, թե հարկային եկամուտների տեսակետից որքան մուտք է եղել, քանի որ ոչ բոլոր հաշվետվությունները կան, տարին ավարտվելուց հետո վերլուծությունները կարվեն»,- ասաց Է.Տարասյանը:
Սակայն, ըստ փոխնախարարի, իրենց ոչ թե հետաքրքրում են հարկային մուտքերը, այլ ներդրումային ծրագրերը, որոնք արտոնությունների դեպքում իրականացվում են սահմանամերձ համայնքներում:
Ինչ վերաբերում է սահմանամերձ համայնքների բնակիչների իրազեկվածությանը, Է.Տարասյանն ասաց, որ մարդիկ իրազեկված են. «Եթե առաջին պահից տեղյակ չլինեն, հարկային մարմին ներկայանալուց տեղեկացվել են, և գտնվում են արտոնությունների դաշտում»: