Արցախի Հանրապետությունում նոր ճանապարհ է կառուցվում
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ձեռնամուխ են եղել անվտանգության ապահովմանը նոր ճանապարհի կառուցման ժամանակ, որը անցնելու է կողմերի սահմանազատման գծի երկայնքով Խրամորթ գյուղից մինչև Ասկերան քաղաք: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը։
«Ներկայումս իրականացվում են Խրամորթ գյուղում մանրացված քարի արդյունահանման անվտանգության ապահովման միջոցառումներ։ Աշխատանքներն իրականացվում են շփման գծի երկայնքով, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը»,- ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դանիել Նիկիտինը։
Ճանապարհաշինարարները սկսել են մանրացված քարի արդյունահանման աշխատանքները, որոնք Ասկերանի շրջանում սահմանազատման գծի մոտ նոր ճանապարհի հիմք են հանդիսանալու։
«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հետ համատեղ աշխատանք ենք սկսում Խրամորթ գյուղից մինչև Ասկերան՝ բարելավելու ռուսական խաղաղապահ ուժերի պարեկության ճանապարհը, քանի որ գյուղը գտնվում է շփման գծում»,- ասել է շինարարական ընկերության տնօրեն Նարեկ Հակոբյանը։
Այս ճանապարհը ծառայելու է ինչպես խաղաղ բնակիչներին, այնպես էլ խաղաղապահներին բնակավայրերի միջև ավելի անվտանգ տեղաշարժի համար՝ պարեկության նոր երթուղի ստեղծելու համար։
Ճանապարհի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ։