ՄԻՊ-ն ու իրավապաշտպանները Ալեն Սիմոնյանին խստիվ հորդորում են զգայուն հարցերը չշահարկել քաղաքական կամ այլ նպատակներով
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը,
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, ւրավապաշտպան Արտակ Զեյնալյանը տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասված է.
«Երեկ՝ դեկտեմբերի 7-ին հրապարակվել է տեսանյութ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որում նա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և մեր 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցին:
Նախ` անթույլատրելի ենք համարում առանց անձի գիտակցված համաձայնության նրա մասնավոր հարաբերությունները, երկխոսությունը տեսաձայնագրելն ու դա տարածելը:
Համատեղ արտահերթ զեկույցին վերագրումների և հնչած որակումների կապակցությամբ արձանագրում ենք՝
1․ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համատեղ արտահերթ զեկունցին վերագրում է գոյություն չունեցող փաստեր, ինչպես օրինակ, նշում է, որ զեկույցում արձանագրվել են հայրենադարձված գերիների բռնաբարության դեպքեր. մինչդեռ, զեկույցում որևէ խոսք չկա բռնաբարության մասին:
Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիներից որևէ մեկի անձնական տվյալ, այդ թվում՝ լուսանկար ու տեսանյութ, երբևէ չի հրապարակվել։
2. Տեղեկացնում ենք, որ համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիների խոշտանգման փաստերը հաստատելու համար գործածվել են փաստահավաք աշխատանքի միջազգային չափանիշները։ Այս առումով, խոշտանգման փաստի հաստատման վերաբերյալ փաստահավաք աշխատանքը չի ենթադրում, որ փաստահավաքություն իրականացնող իրավապաշտպանը պետք է անպայման ներկա կամ մասնակից լինի խոշտանգման պրոցեսին։
Բարձր պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են տարանջատել փաստահավաք աշխատանքը և հանցակցությունը։
3․ Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցը չի նույնականացնում և չի բացահայտում հայրենադարձված այն գերիներին, որոնց նկատմամբ կիրառվել են կտտանքներ ու անմարդկային վերաբերմունք։
Դրա փոխարեն համատեղ արտահերթ հրապարակային զեկույցով վեր են հանվում այն օրինաչափությունները և խոշտանգման այն ընդհանուր ձևերը, որոնք , որպես կանոն, կիրառվել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետությունում։
Միաժամանակ, համատեղ արտահերթ հրապարակային Զեկույցը նշում է, որ գերիների նկատմամբ կիրառված բռնության ձևերն ու միջոցները յուրաքանչյուրի դեպքում եղել են տարբեր։
4. Նշվածից բացի, հայրենադարձված հայ գերիներն իրենք ինքնուրույն տարբեր լրատվամիջոցների տվել են հարցազրույցներ՝ բաց կերպով ներկայացնելով այն կտտանքները, որոնց ենթարկվել են Ադրբեջանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում։
Ավելին, նախաքննության ընթացքում խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի մասին հայրենադարձված հայ գերիների ցուցմունքներ հրապարակվել են հենց ՀՀ նախաքննական մարմինների կողմից։
5․ Հարկ ենք համարում ընդգծել, որ հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու վերաբերյալ տվյալներ միջազգային կառույցներին ներկայացնելիս վերացական բնույթի տեղեկությունների տրամադրումը չունի արդյունավետություն:
Միջազգային իրավական գործընթացներ նախաձեռնելիս անհրաժեշտ են մանրակրկիտ ու կոնկրետ տվյալներ, այլ ոչ թե հայտարարություններ ու պնդումներ։
Ուստի, բարձրաստիճան պաշտոնյաներին խստիվ հորդորում ենք զերծ մնալ նման զգայուն հարցերի վերաբերյալ հրապարակային հանդես գալուց, չշահարկել դրանք քաղաքական կամ այլ նպատակներով, քանի որ դրանք Ադրբեջանը հաջողությամբ գործածում է միջազգային կառույցների, առջև, այդ թվում՝ դատական, պաշտպանվելու ի շահ իրեն և ի վնաս՝ հայ գերիների իրավունքների:
Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները կամ դրանց տրված որակումները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Գերիների հարազատները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմոնյանին
- ՔԿ. 10 գերիները հարցաքննվել են, հարուցված քրեական գործեր չկան
- Ալեն Սիմոնյանը փորձում է արդարանալ
- Ռուբեն Մելիքյան. Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի
- Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը գերիների մասին. «Արդեն իրանք չկան, իմ համար չկան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան