Ձեր հոգին մի՛ վաճառեք ազգակործան համաշխարհայնացմանն ու դրա խամաճիկներին. Ասողիկ աբեղա Կարապետյան
Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Սիրելիներ,
Դարեր շարունակ մեր Ազգը հավատարմորեն պահպանել է իր ազգային-հոգևոր ավանդություններն ու ավանդույթները: Եվ այդպես հաղթահարել է ամեն փորձություն և հարատևել իր բնիկ Հայրենիքում:
Մասնավոր հոգածությամբ և նախանձախնդրությամբ պահվել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը. հունվար 5-ի Ճրագալույցով սկսվել է տոնախմբվել Սուրբ Ծնունդը:
Ցավով և վրդովմունքով եմ արձանագրում, որ այսօր մեր որոշ երաժշտական հաստատություններ և խմբեր, թերևս տուրք տալով նյութական շահին, շրջանցում են ազգային-հոգևոր ավանդությունը և դեկտեմբեր ամսի երկրորդ կեսին կազմակերպում են Սուրբ Ծննդյան համերգներ...
Հայոց Սուրբ Ծնունդը հունվար 6-ին է, իսկ Սուրբ Ծննդյան տոնական օրերն են հունվար 5-13-ը:
Մի՛ տրվեք օտարամոլությանը, սիրելիներ, ակնածանքով և սրբությամբ պահպանեցեք ձեր Ազգի ավանդությունները:
Օտար ավանդությամբ հարազատ Ազգին շփոթության մատնելով՝ երբեք չեք կարող վայելել ոչ յուրայինի, ոչ էլ առավել ևս օտարի ճշմարիտ հարգանքը, քանի որ հարազատ ինքնության հանդեպ անհավատարմությունը միշտ էլ խոտելի է եղել և արգահատելի ամենքի կողմից: Ձեր հոգին մի՛ վաճառեք ազգակործան համաշխարհայնացմանն ու դրա խամաճիկներին:
Որքա՜ն հոգեշահ և ազգակերտ, որքա՜ն վայելուչ կլիներ, եթե այդ տոնական համերգները կազմակերպվեն հունվար 6-ից սկսյալ՝ տոնական ամեն օրը ցնծալից դարձնելով մեր ազգակիցների ու հավատակիցների համար:
Կսիրեմ հուսալ, որ Դուք, սիրելի երաժիշտ ընկերներ և հարազատներ (որոնցից շատերիդ ճանաչում եմ անձնապես, սիրում և հարգում), տակավին կանդրադառնաք և կսրբագրեք Ձեր սխալմունքը. Քրիստոնյա Հայաստանում անգիտության և նյութապաշտության խավար չպետք է լինի, Քրիստոնյա Հայաստանում Տիրոջ Սուրբ Ծնունդը պետք է տոնվի առաքելադիր կարգի համաձայն:
Ասողիկ աբեղա Կարապետյան
Զինվորյալ միաբան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան