Կառավարությունն ամեն միջոց մտածում է պատվաստումը պարտադրելու, բացի խրախուսանքից. Արեգնազ Մանուկյան
«Կորոնավիրուսի հիմանական թիրախային խավը կենսաթոշակառուներն են և ես առաջարկել էի, որպես խրախուսական միջոց, կամավորության սկզբունքով պատվաստվելու դեպքում նրանց միանվագ 10 հազար դրամ վճարել»,- 2022 թ. բյուջեի նախագիծը ԱԺ-ում ներկայացնող ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ կառավարությունը մերժել էր առաջարկը՝ ասելով, թե չի գտնում, որ այս փուլում դրամական փոխհատուցման եղանակն այն ուղին է, որը կարող է արդյունավետ լինել նշված խմբի քաղաքացիների առողջությունը պաշտպանելու համար:
«Փաստորեն այս կառավարության գործելաոճն է, որ սիրով դիմում է պատժամիջոցների, ինչպես 7 օրը մեկ վճարովի հիմունքներվ ՊՇՌ թեստ հանձնելը, աշխատանքից ազատման սպառնալիքները, որոնց ներքո պարտադրվում է պատվաստվել կամ վճարովի հիմունքներով թեստ հանձնեն»,- հայտնեց պատգամավորը և եզրակացրեց. «Կառավարությունն ամեն միջոցը մտածում է պարտադրանքի, բայց խրախուսական միջոցը մերժում է»:
Նախարարը պնդեց, որ դրամական խրախուսման միջազգային փորձը դրական արդյունքներ չեն ապահովել:
Տիգրան Խաչատրյանը նաև նկատեց, որ եթե առաջարկը մեկ տարի առաջ լիներ, ապա հնարավոր է այն դիտարկվեր, բայց այս պահին բարձրացել է ՀՀ քաղաքացիների գիտակցումը, որ պատվաստվելն առաջնային է առողջությունը պաշտպանելու համար և կամավոր պատվաստումների տեսակարար կշիռն ավելացել է:
«Գտնում ենք, որ նման եղանակով միջոցներ ծախսելու կարիք չկա և մեր կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին հորդորում, խրախուսում և բացատրում ենք, որ իրենց և հարազատների առողջությունը պաշտպանելու համար դիմեն կամավոր պատվաստումների»,- պատասխանեց ֆինանսների նախարարը:
Արեգնազ Մանուկյանը նկատեց, որ խրախուսման առաջարկը ներկայացրել էր դիտարկելով աշխարհում եղած փորձը և բերեց Ռուսաստաի, Վրաստանի և այլ պետությունների փորձը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, որ ոչ թե քաղաքացիների գիտակցությունն է բարձրացել, այլ կառավարության պարտադրանքի տակ են գնում պատվաստման:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ պատգամավորները կանխեցին աշխատավարձերի բարձրացումը՝ պահպանելով պաշտոնյաների պարգևատրման համակարգը
- Երեկվա խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված. Սեյրան Օհանյան
- Թշնամուց վախեցած իշխանությունից սպասել, որ ինքը հերոսություն պետք է գործի, ուղղակի անիմաստ է. Արծվիկ Մինասյան
- 2021թ. ԱՆ բյուջեն 114 մլրդ դրամ էր, բայց արդեն հատկացվել է 142.2 մլրդ դրամ. Տիգրան Խաչատրյան