Որակյալ կրթությունն է ձևավորում անհատի իրական մրցակցային առավելությունը. Արմեն Գևորգյան
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը 2022 թ. բյուջեի նախագծի հեղինակների ուշադրությանը հրավիրեց այն փաստի վրա, որ այնտեղ բացակայում է ԵԱՏՄ-ի շրջանակներում ընդհանուր մակրոտնտեսական զարգացման միտումների ազդեցության վերլուծությունը մեր երկրի բյուջետային գործընթացների վրա:
«Ի վեջո մենք ընդհանուր մաքսային միության անդամ ենք և երրորդ երկրների հետ կազմակերպության ընդհանուր առևտրաշրջանառության հետ կապված իրավիճակը կարող է ազդել մեր երկրի բյուջե մաքսային մուտքերի ընդհանուր վիճակի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ բյուջետային ուղերձում ԵԱՏՄ-ն հիշատակվում է միայն ռիսկերի գնահատման համատեքստում, սակայն այս կազմակերպության չիրացված հնարավորություններն ու ներուժը չեն տեսնում:
Նա նաև հասարակության ուշադրությունը հրավիրեց ժամանակակից Հայաստանում կրթության և կրթվածության խնդրի վրա. «Կան երկու հիմնական գործոններ, որոնք որոշում են ցանկացած ժամանակակից հասարակության հաջողությունն ու լիարժեք զարգացումը:
Առաջինը՝ կրթության հասանելիությունն է որպես մարդկանց հավասարության ապահովման նախապայման, երկրորդ՝ գիտելիքի նկատմամբ վերաբերմունքը որպես արժեքի, որն ապահովում է առաջընթաց և զարգացում: Կա ընկալում, որ ցանկացած ժամանակակից ազգ կարող է իրեն առաջադեմ համարել ըստ ստեղծած նոր գիտելիքի, այլ ոչ թե արտադրած ապրանքների քանակի և որակի»:
Ա. Գևորգյանի խոսքով, սոցիալական ցանցերն ու հաղորդակցության նոր տեխնոլոգիաները մարդկանց համար ապահովում են տեղեկատվության լայն հասանելիություն, սակայն չեն նպաստում դրանց խորը յուրացմանը, այդ տեղեկատվությունը չի վերածվում գիտելիքի: Տեղեկատվության այսպիսի հեշտ հասանելիությունը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, թյուր պատկերացումներ է ստեղծում բավարար գրագիտության և կրթվածության վերաբերյալ, դրանք չեն նպաստում մարդու հիմնարար պատկերացումների և արժեքների ձևավորմանը սոցիալական բարդ միջավայրում կողմնորոշվելու համար:
«Որակյալ կրթությունն է, որ ձևավորում է անհատի իրական մրցակցային առավելությունը: Հենց ասվածի համատեքստում այսօր հատկապես արդիական է դառնում որակյալ գիտելիքի և կրթության հարցը»,- ասաց Ա. Գևորգյանը:
Նա հիշեցրեց, որ այս ամբիոնից հնարավորություն ունեցել է խոսել ազգային կրթական համակարգի անմխիթար վիճակի մասին:
«Հայաստանը շատ առումներով զիջում է իր տարածաշրջանային հարևաններին: Ցավոք սրտի, 2022 թվականի բյուջեի նախագծում երկրում կրթության և գիտության որակի բարձրացման վերաբերյալ իրական մեսիջներ չտեսա:
Օրինակ, ինչպես կազդի կրթութան և գիտության ոլորտների ֆինանսավորման բարձրացումը տնտեսական աճի, աշխատանքի արտադրողականության, երկրի նորարարական զարգացման վրա: Կրթության որակի նվազման ռիսկերը հանգեցնելու են մեր նման հասարակությունների երկարատև սոցիալական անկայունության առաջացման և հաստատուն զարգացման կորստի»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Արմեն Գևորգյանը անդրադարձավ նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
«21-րդ դարում համարժեք հաղորդակցության խնդիրը յուրաքանչյուր պետության լիարժեք զարգացման և մրցունակության խնդիր է, մեզ համար դա նաև ազգային անվտանգության խնդիր է։ Ցավալի է, որ այս թեման մեր երկրի օրակարգ է մտել 44-օրյա պատերազմի արդյունքներով։ Ի՞նչ է արել մեր երկիրը, որպեսզի այս հարցը քննարկվի հայկական համատեքստում»,-ասաց նա։
Ա.Գևորգյանի խոսքով, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման առավելություններն ու հնարավոր տնտեսական հետևանքները դեռևս մնում են քաղաքական գնահատականների ու նախապատվությունների, բայց ոչ տնտեսական կանխատեսումների և հաշվարկների մակարդակում: Նա ընդգծեց որ ապաշրջափակման տնտեսական էֆեկտները ուսումասիրված չէ:
«Մենք պետք է հասկանանք, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը քաղաքական, աշխարհաքաղաքական, անվտանգային, տնտեսական բարդ հարց է և այս կոմպոնենտներից որևէ մեկը չի կարելի անտեսել: Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նոր ճարտարապետությունը մեզնից պահանջում է շատ լուրջ մոտեցումներ:
Եթե մենք նոր իրողություններին վերաբերեցինք սիրողական մակադակով, ապա հետևանքները կարող է լինել նույնքան աղետալի, որքան պատերազմինը: Խաղաղ բանակցությունները նույնքան ռիսկային են, որքան պատերազմները»,- ասաց Արմեն Գևորգյանը:
Հարակից հրապարակումներ`
- Չկա ՀԴՄ-ների աճի ձեռքբերումը, չկա Քարվաճառը որի ռեստորանում պարոն Փաշինյանի ՀԴՄ կտրոն չէին տվել. Արթուր Խաչատրյան
- Չենք ձևակերպել, թե մեր ԶՈւ ինչ խնդիր ունի լուծելու, ինչ խնդիր ենք դնում ԶՈւ վրա Արցախի, Հայաստանի մասով. Տիգրան Աբրահամյան
- 2022 թ. պետբյուջեի նախագծի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ են եղել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան