«Ժողովուրդ». Դատախազությունը ներքին աշխատանքային «գզվռտոցի» մեջ է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ տարբեր գործերով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ԱԺ երեկվա միջադեպի գործը ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկեց ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու և որոշում կայացնելու համար: Ինչո՞ւ այս անգամ դատախազությունը միջադեպը ուղարկեց ԱԱԾ: Բանն այն է, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատախազությունը ներքին աշխատանքային «գզվռտոցի» մեջ է տարբեր գործերով ՀՔԾ-ի կամ վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեի հետ: Պարզվում է՝ մի շարք քրեական գործերով դատախազությունը
ՀՔԾ-ի գործերը հետ է ուղարկում ու պահանջում նոր քննություն իրականացնել: Մասնավորապես, ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը բախվել են «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ հարուցված քրեական գործով: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գործով ևս ուշագրավ իրավիճակ էր ստեծվել:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը վերացրել էր ՀՔԾ-ի որոշումը՝ պատգամավոր Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու դեպքով, և ուղարկել է ՀՔԾ՝ կրկին քննություն իրականացնելու, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ։ Պետք է պարզվեր՝ ինչ ունեցվածք է թաքցրել Հայկ Սարգսյանը հայտարարագրից, և ինչ է կեղծել: Բայց ՀՔԾ-ն կրկին իշխանությանը կուլ գնաց և Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը կարճեց:
Ասել է թե՝ դատախազության հույսը մնացել է ԱԱԾ-ն, որ քիչ թե շատ գուցե օբյեկտիվ կքննի գործերը, թեև այդ կառույցի քննության նկատմամբ էլ առանձնապես վստահություն չկա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում