Կարմիր բլուրում ուրարտական քարավանատուն է բացվել
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն, Կարմիր բլուր մասնաճյուղի նախկին ղեկավար Վահե Սարգսյանը պատմել է, որ 50 տարվա դադարից հետո Կարմիր բլուրում՝ միջնաբերդի հարակից տարածքում ամիսներ առաջ սկսվել են պարբերական պեղումներ:
«Այստեղ մոնումենտալ պատերով կառույցների հետ գործ ունենք: Ըստ էության, եռամաս կառույց է, որի նմանը բացվել է Ուրարտական Բաստամ բնակավայրում՝ այսօրվա Մակու քաղաքում, Իրանի տարածքում: Գործ ունենք արքայական ախոռի հետ, որը կարող էր ունենալ նաև քարավանատան գործառույթ: Այն բաղկացած է 3 մասից՝ պատը, սալահատակը, այնուհետև ավելի ցածր պատը, որտեղ ունենք կլոր սյան խարիսխները, որոնց վրա գերաններն են տանիքի համար արվել: Միջնամասում ունենք տեղ, որտեղով մարդիկ էին քայլում, և նույնի հայելային արտացոլումը՝ մյուս կողմը: Այսինքն, տեսեք, ինչ հզոր պատ ունենք»,-ասել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը՝ նկատելով, որ աշխատանքները հնարավոր են եղել Հայաստանի գինեգործության կենտրոնի կազմակերպած հանգանակությամբ:
Քաղաքապետարանից հայտնում են, սա Հայաստանում բացված դեռևս միակ նման մոնումենտալ կառույցն է: Տարածքի ճարտարապետական հատակագիծն ու անմիջապես ամրոցի դարպասներին մոտ գտնվելը մասնագետներին հուշում է՝ գործ ունեն հայկական միջնադարյան 2650 տարվա քարավանատան հետ:
Հնագիտական շերտերը բացելիս պարզ երևում են վառված գերաններ, ինչը պատմում է մեծ հրդեհի կամ հրդեհների մասին, որից հետո կառույցն անընդհատ վերափոխվել ու վերակառուցվել է:
Պեղումների ընթացքում տարածքից գտնվել են նաև խեցեղենի բեկորներ, կենդանիների մնացորդներ:
«Այս հատվածից գտել ենք ձիու ոսկորներ և ցուլի ատամ: Վերին շերտերում ունենք մանր եղջրավոր անասունների ոսկորներ: Հողից հատուկ անալիզ է արվելու Կոպենհագենում, որտեղ հողից փորձելու են կենդանիների ԴՆԹ առանձնացնել: Հետազոտութունների համար նյութեր են ուղարակվելու նաև Գերմանիայի կարևորագույն լաբորատորիաներից մեկը»,-ասում է Միքայել Բադալյանը:
Պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի: Կարևոր է, որ գտնված կառույցը ոչ թե կրկին հողով փակվի, այլ ստեղծվեն հատուկ ծածկեր, որոնք թույլ կտան պահպանել այն ու ներկայացնել այցելուներին:
Բարեկարգումից հետո, երբ տարածքն ավելի ներկայանալի դառնա, ծրագրերը կուղղվեն հնավայրի զարգացմանն ու հանրահռչակմանը: Քաղաքապետարանը հետագայում մտածում է նաև տարածքում թանգարանային շենք կառուցելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան