Կառավարության ներկայացրած նախագիծը ղեկավար պաշտոններում պաշտոնավարման իրավունքի ցենզերն իջեցնելու մասին է. Աննա Մկրտչյան
ՀՀ կառավարության ներկայացրած «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ամենևին էլ տեխնիկական փոփոխություն չէ, ինչպես ուզում են հավաստիացնել Հայաստանի քաղաքացիներին: ԱԺ-ում նախագիծը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանից կողմից ներկայացնելուց հետո ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրչտյանը:
«Շատ կարևոր մի քանի փոփոխություններ պարունակող նախագիծ է»,- իր ելույթում նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով, առաջին խնդիրն այն է, որ ղեկավար պաշտոններում պաշտոնավարման իրավունքի ցենզերն իջեցնելու մասին է, այսինքն՝ հնարավարություն տալ ոչ մասնագիտական ունակություններ ունեցող անձանց զբաղեցնելու կոնկրետ պաշտոններ:
«Ինչո՞ւ համար է սա արվում: Իմ խորին համոզմամբ, արվում է նրա համար, որ այն մարդիկ, ովքեր ունեն մասնագիտական կոնկրետ կարողություններ իրականացնելու այդ գործունեությունն արդյունավետ և կառավարելու այդ ՊՈԱԿ-ները, ուղղակի այս մարդկանց հետ աշխատել չեն ցանկանում և առաջանում է կադրային սովի խնդիր:
Բացի այդ, մեկ այլ խնդիր, որն էլի շատ օրհասական է ներկայիս իշխանությունների համար, այն մարդիկ, ովքեր իրենց հարազատներն են, ծանոթներն են, քայլել են իրենց հետ, ղեկավար պաշտոն են ուզում և այդ ղեկավար պաշտոնները պետք է ամեն դեպքում այս մարդկանց համար ապահովել և բերել»,- ասաց Աննա Մկրտչյանը:
Պատգամավորն առանձնացրեց մեկ այլ խնդիր. ՀՀ-ում այսօրվա կառավարությունն ընդունել է ենթաօրենսդրական ակտ՝ չունենալով դրա համար օրինական հիմք:
«Այսինքն մարդիկ ընդունել են կառավարության որոշում, որը պետք է հիմնված լինի ավելի բարձր իրավական ակտի վրա, այսինքն օրենքի, բայց այդ հանգամանքն ուղղակիորեն չեն արել, հաշվի չեն առել այս Ազգային ժողովին՝ մտածելով, որ ցանկացած պահի էլ ցանկացած օրինական խոչընդոտ կարող են խախտել»,- ասաց Աննա Մկրտչյանը:
Նրա խոսքով, ըստ էության, այս նախագիծը երկու խնդիր է լուծում՝ կառավարության որոշման մակարդակից իջեցնել կառավարության որոշման կարգի, երկրորդ՝ մարդկանց, ում ղեկավար պաշտոններ են առաջարկել, այդ խոստումը պահել ու կատարել:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց եւս մասնակցելու գործադիր մարմինների ընտրությանը (նշանակմանը), ինչպես նաեւ ամրագրելու դրույթ այն մասին, որ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը վարձակալության է տրամադրվում ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ Կառավարության որոշմամբ հաստատված կարգով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում