Գործադիրն այսօր սահմանափակեց gov.am և govtravel.am կայքերից բաց տեղեկատվություն ստանալու հնարավորությունը
Գործադիրն այսօր չզեկուցվող հարցերի թվում ընդունեց որոշում, որով սահմանափակեց gov.am և govtravel.am կայքերից բաց տեղեկատվություն ստանալու հնարավորությունը՝ որոշումն հիմնավորելով անվտանգային խնդիրներով:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծած պատերազմով պայմանավորված՝ ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել ծավալուն նյութեր, որոնք վերաբերվում են կայքերում առկա բաց և ուղիղ հասանելիությամբ տեղադրված պետական տեղեկություններին:
«Ուսումնասիրող կողմերը եկել են այն մասնագիտական եզրակացության, որ ռազմավարական նշանակության և կարևորության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում պարզ հասանելիությամբ և երրորդ կողմի երկրների կամ կազմակերպությունների կողմից այն կարող է օգտագործվել տարբեր տնտեսական, քաղաքական և այլ վերլուծություններում՝ ի վնաս ՀՀ պետական շահի: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացրել է e-gov.am և govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ այդ իրավական ակտերի հիման վրա հրապարակված տեղեկատվության ծավալից ընտրվել է այն անհրաժեշտ նվազագույնը, որպեսզի հնարավորինս չխախտվի պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը և բացառվի ռիսկային, զգայուն տեղեկատվության ուղիղ հասանելիությունը»:
Կառավարությունը պնդում է, որ վերոնշյալ փոփոխություններով e-gov.am և govtravel.am կայքերում առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը՝ համապատասխան տեղեկությունների ստացումը իրականացվում է հարցման եղանակով, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում: Հավելենք նաև, որ պետության կողմից տեղեկությունների հրապարակման նման սահմանափակումներ կիրառվում են մի շարք այլ երկրներում:
Մասնավորապես որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում «Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքի սպասարկման կարգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 12-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերությունները:
Դրանցում ասվում էր . ««Ռեեստրներ և ցանկեր» բաժնում տեղադրվում են`
ա. արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը, որը թարմացվում է յուրաքանչյուր ամսվա համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից` մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը: Տեղեկատվությունը պարունակում է արտադրական վտանգավոր օբյեկտի նկարագիրը, շահագործող անձի անունը, գտնվելու վայրը, գրանցման ամսաթիվը, պետական ռեգիստրի համարը,
գ. ընդերքի պաշարների մասին տեղեկանքները, որոնք թարմացվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդերքի պաշարների վերաբերյալ տեղադրվում են օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված հանքային իրավունքների, օգտակար հանածոների ուսումնասիրության համար տրամադրված հանքային իրավունքների և ստորերկրյա ջրերի հանքաարդյունահանման համար տրամադրված հանքային իրավունքների մասին տեղեկանքները»:
Որոշման երկրորդ կետով սահմանափակվեց պետական պաշտոնյաների ավիաթռիչքների մասին տեղեկատվությունների բաց հասանելիությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօրվա որոշմամբ կփորձի վերահսկել Հայաստանի ալմաստի բիզնեսը
- Սովորողների թվի նվազման հետևանքով խնայված 203 մլն դրամը կառավարությունը կուղղի պահուստային ֆոնդ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում