Հայ երիտասարդները մասնակցում են Մոսկվայում անցկացվող հայ-ռուսական երիտասարդական ֆորումին
Դեկտեմբերի 8-11-ը Մոսկվայում անցկացվում է Հայ-ռուսական երիտասարդական ֆորումը: Այն անցկացվում է 2015 թվականից՝ 2012 թվականին ստորագրված Հայաստանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
«Հայաստանից ֆորումին մասնակցում են շուրջ 30 երիտասարդներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ուսանողներ՝ Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայ-ռուսական, Եվրոպական համալսարաններից, ինչպես նաև ներկայացուցիչներ երիտասարդական հասարակական կազմակերպություններից:
Ֆորումի նպատակն է ստեղծել կրթական տարածք՝ բարձրացնելու երիտասարդների մասնակցությունը, զարգացնելու միջմշակութային երկխոսությունը և հումանիտար համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդների միջև, նպաստել երիտասարդական քաղաքականության ոլորտի զարգացմանը և երիտասարդների հետ աշխատանքին՝ Հայաստանում և Ռուսաստանում ստեղծելով երիտասարդական ցանց։
Դեկտեմբերի 9-ին ֆորումի բացմանը տեսակապով մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ նախարարի տեղակալը բոլորին մաղթել է հետաքրքիր, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք ֆորումի հարթակներում:
Արթուր Մարտիրոսյանը՝ արձանագրելով, որ Հայ-ռուսական 7-րդ երիտասարդական ֆորումի աշխատանքների շրջանակում փոխգործակցությունն ուղղված է երիտասարդական բիզնես նախագծերի և երիտասարդական զբոսաշրջության զարգացմանը, փաստել է, որ երիտասարդներին մտահոգում է ամեն ինչ՝ լավ աշխատանք, որակյալ կրթություն, քաղաքացիական ակտիվություն.
«Զբաղված լինելով ուսումնառությամբ և զարգացմամբ՝ այս շրջանում ուղիներ գտնելու վերաբերյալ շատ հաճախ հարցեր են առաջանում: Եվ այս ֆորումն այն երկխոսության հարթակն է, որտեղ պետք է լսելի լինի երիտասարդների ձայնը, նրանց հուզող արդիական հարցադրումները: Ի վերջո, հենց երիտասարդությունն է առաջիկայում դառնալու պետության և հասարակական կյանքի շարժիչ ուժը»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների համատեքստում կարևորել է միջոցառման անցկացումը և նշել, որ ֆորումը նաև երկխոսության, փոխըմբռնման, փոխվստահության, ջանքերի համադրման կարևոր հարթակ է: Նա ֆորումի մասնակիցներին նաև տեղեկացրել է, որ 2022 թվականին Հայ-ռուսական 8-րդ երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանում:
«Վստահ եմ, որ ֆորումին մասնակցությունն օգտակար փորձ կդառնա ձեզ համար, կընձեռի նոր տպավորություններ, ծանոթություններ և ոգեշնչում հետագա առաջխաղացման համար»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախարարությունից նաև նշում են, որ ֆորումի շրջանակում առաջարկվել են թեմատիկ բաժիններ հետևյալ ուղղություններով՝ «Երիտասարդական բիզնես նախագծեր» և «Երիտասարդական զբոսաշրջության զարգացում». կքննարկվեն երիտասարդական բիզնես գաղափարների միտումները, նորարարական նախագծերը, հեռանկարները, զբոսաշրջության միտումները, զբոսաշրջության մասսայականացումն ու զարգացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան