«ԿոնտրԱկտ»․ ներկայացում - դրամեդի՝ Ռուսական թատրոնի բեմում
Բրիտանացի հեղինակ Մայք Բարտլետի «ԿոնտրԱկտ» դրամեդին (տրագիկոմեդիայի ենթաժանր) կհամալրի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը՝ բեմադրիչ Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով: Թարգմանությունը՝ Տիմուր Սալիխովի։ Այս մասին Panorama.am-ին հայտնում են Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից։
«ԿոնտրԱկտ»-ը ներկայացում է ժամանակակից կորպորացիայի կանոնների և կարգերի շրջանակներում ապրող մարդկանց մասին, մարդու՝ ինքն իր հետ գործարքի մասին՝ հանուն՝ նպատակին հասնելու և կարիերայի մեջ հաջողության: Ինչի՞ է հանգեցնում կարիերիզմը, ի՞նչ տրանսֆորմացիայի է ենթարկվել ֆեմինիզմը 21-րդ դարում, արդյո՞ք կինը պատրաստ է հրաժարվել իր իրական կոչումից հանուն Կարիերայի: Ներկայացումը միաժամանակ և՛ կոմիկական է, և՛ ողբերգական, սակայն մտածելու առիթ է տալիս:
Ներկայացման դերակատարներն են Լիլիա Մուկուչյանը և Ելենա Վարդանյանը։ Բեմանկարչական ձևավորման ու զգեստների հեղինակը Լուսինե Կարապետյանն է, պլաստիկան՝ Արա Ասատուրյանի:
Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար: Պիեսի գործողություններին հանդիսատեսը կհետևի հենց բեմից:
Առաջնախաղերը կկայանան դեկտեմբերի 9-10 -ին: