«Ժողովուրդ». հասարակությանը պառակտելու, սև ու սպիտակի բաժանելու թիվ մեկ պատասխանատուն Հայկ Մարությանն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ կառավարության-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, կրկին ջղաձգված էր։ Ընդդիմադիրների՝ գերիների, Արցախի, Ադրբեջանի կողմից շահարկվող «միջանցքի», Գորիս-Կապան ավտոճանապարհի ու մեր գլխին կախված տարաբնույթ աղետի մասին հարցերը լսելուն պես, իր իսկ բառապերով ասած, «նույն թելն էր թելում»՝ «կապիտուլյանտն էլ, հողատուն էլ դուք եք» ոճի մեջ։ Խորհրդարանական ամբիոնն ու պառլամենտարիզմն, առհասարակ, միանշանակ միմյանց վիրավորելու, էլ ուր մնաց՝ շշամարտերի ու բազուկների հաստության ցուցադրման վայր չէ։ Բայց սևին սապոնը չի փրկի, խևին՝ խրատը։ Փաշինյանն էլ նախկիններին անդադար հիշատակելու ու հասարակությանը յուրայիների ու «թալանչի նախկին»-ականների բաժանելու մոլուցքից չի ձերբազատվի, անգամ եթե դա անկեղծորեն, ի սրտե ցանկանա։
Բայց հիշեցնենք, որ հասարակությանը պառակտող, սև ու սպիտակի բաժանողը Նիկոլ Փաշինյանի երբեմնի մտերիմ ու սիրելի քաղաքապետ Հայկ Մարությանն է, որ դեռ մոտ երեք տարի առաջ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ի լուր աշխարհի՝ ձայնեց, թե «ով մեզ հետ չէ, սև է»։ Մարությանի սահմանած բանաձև-աքսիոմը կիրառելի դարձավ գրեթե ամեն մի իշխանավորի համար։ Նախարարության վարչության պետից մինչև պատգամավոր, նախարարից մինչև ուժային կառույցների պատասխանատուներ, պատգամավորի օգնականից մինչև վարչապետ ցավոտ, իրենց քիմքին ոչ հարիր հարցերի ամենակարող պատասխանը լավ են յուրացրել. սևերն են մեղավոր։ Անհանդուրժողականության մթնոլորտը, որ Հայկ Մարությանը դամոկլյան սրի պես մեր գլխին կախեց, իր ճանապարհին սրբում-տանում է ամեն բան՝ բանականություն, հույզեր, հարգանք ու սեր։ Հասարակությանը մասնատած, միմյանցից օտարացրած, հորը՝ որդու, ամուսնուն՝ կնոջ, գործընկերներին, ազգականներին ու բոլոր-բոլորին միմյանց դեմ հանած «սուպեր» քաղաքապետ Հայկոյի թեզը գործում է, իսկ ինքն այժմ աջը քաշել ու երևի թե կողքից լուռ հետևում է, թե ատելության իր գցած սերմն ինչպես է ծլում, փթթում ու մոլախոտի նման խեղդում բոլորիս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին