Ամերիաբանկը սկսել է աննախադեպ՝ 6 ամիս առանց տոկոսադրուքի և մայր գումարի մարման բիզնես վարկերի տրամադրումը
«Ամերիաբանկը սկսած 20 մլն դրամից մինչև առավելագույնը 150 մլն դրամ երեք արժույթով՝ դրամով, դոլարով և եվրոյով վարկեր է տրամադրելու, որոնց պարագայում հաճախորդներն առաջին 6 ամսվա ընթացքում որևէ տոկոսագումար և մայր գումարից որևէ մաս չեն վճարելու»,- հրավիրված ասուլիսում հայտնեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ աrաջին 6 ամսվա ընթացքում ընդհանրապես տոկոսադրույք չի հաշվարկվելու, այդ ժամանակահատվածում վարկը լինելու է 0 %-ով և մայր գումարից էլ որևէ վճարում չի պահանջվելու:
Արման Բարսեղյանը հայտնեց, որ 6 ամսից տոկոսադրույք է հաշվարկվելու, բայց ի տարբերություն նախորդ արշավների, երբ դրանք այնպիսին էին լինում, որ փոխհատուցում էին պայմանական արտոնյալ ժամանակահատվածը, այս վարկային պորտֆելի դեպքում 6 ամիս հետո կիրառվող տոկոսադրույքները բավականին մրցակցային ու ցածր են լինելու:
«7-րդ ամսից դրամով վարկի տոկոսադրուքը լինելու է 11.9%, դոլարի դեպքում՝ 7.9%, եվրոյի դեպքում՝ 6.9% և համադրելով արտոնյալ 0 % տոկոսադրույքը մնացած ողջ ժամանակահատվածի տոկոսադրույքի հետ, արդյունավետ տոկոսադրույքը վարկի համար կազմում է դրամի դեպքում՝ 10.5%, դոլարի դեպքում՝ 6.5%, իսկ եվրոյի դեպքում՝ 5.5%»,- հայտնեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրենը և շեշտեց. «Կարծում եմ, որ երբ մենք հրապարակումներում օգտագործել ենք աննախադեպ բառը, ի տարբերություն շատ դեպքերի, այս տոկոսներն իրոք աննախադեպ են»:
Տեղեկացնելով, որ այս վարկի համար 4-ից 10 տարի է հատկացվում՝ Արման Բարսեղյանը նշեց, որ այն բիզնես վարկերի համար բավականին մեծ ժամանակահատված է և, բիզնեսների ցիկլը հաշվի առնելով, որպես կանոն ավելի երկար է. քան ստանդարտ տարբեր ոլորտների բիզնեսների ցիկլերը:
Նրա խոսքով՝ այդ վարկի տրամադրման արշավը սկսվել է դեկտեմբորի 8-ից և տևելու է մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը:
Բանախոսը տեղեկացրեց, որ մյուս նոր վարկային փաթեթով վարկի գումարի 5%-ի վերադարձ է նախատեսվում բիզնես վարկը այլ բանկից Ամերիաբանկ տեղափոխելու դեպքում:
«Այս առաջարկի շրջանակում հնարավորություն է տրվում նաև տեղափոխելու այլ բանկերում գործող վարկերը Ամերիաբանկ` ստանալով միանվագ գումար` վարկի գումարի 5%-ի չափով: Սա հնարավորություն կտա մարելու այլ բանկերում վարկի կանխամարման տույժը, իսկ կանխամարման տույժ չլինելու կամ 5%-ից պակաս լինելու դեպքում տնտեսվարողը կարող է տնօրինել այդ գումարն իր հայեցողությամբ»,- հայտնեց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրենը:
Նա նաև շեշտեց, որ գրավադրման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը կատարվելու են բանկի կողմից և չի գանձվելու նաև վարկի տրամադրման վճար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան