Տղաները կռվեցին, որ մենք ապրենք..
«Տղաները չփախան, որ մենք լինենք: Տղաները կռվեցին, որ մենք ապրենք: Մասունքները մեզ ուժ են տալիս: Հավատացեք, որ մեզ ուժ են տալիս, տղաները մեզ ուժ են տալիս»,- «Ոսկի սերմեր․ երախտիքի և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի մրցանակաբաշխության արարողությանն ասաց «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» նախագահ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:
Այո, տղաները մեզ ուժ են տալիս և մեր բոլորի աղոքներն այսօր ուղղված են հենց այդ տղաներին ու այսօր մեր սահմանները պաշտպանող տղաներին:
«Պատերազմից հետո կարծես մեր աղոթքները փոփոխության են ենթարկվել: Եթե մեկ տարի առաջ շատ-շատ բաների համար էինք աղոթում, հիմա աղոթում ենք խաղաղության, փխրուն խաղաղության համար, որ այսօր կա Հայաստանում, մեր տղաների հոգիների հանգստության համար, մեր բանակի հզորացման ու մեր զինվորների անվտանգ ծառայության համար»,- արարողությանն ասաց ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը:
Քահանան նշեց, որ մեծ պարտավորություն ունենք մեր նահատակված զինվորների առջև.
«Պարտավորություն ունենք լինելու պտղատու, որովհետև իրենք մեզ հուսալքություն, բարոյալքություն չեն կտակել: Եռաբլուրներից մեր տղաներն իրենց հայացքները միշտ մեզ ուղղած են պահում՝ ասելու մի կարևոր բան՝ դուք պետք է ամուր կանգնած լինեք այս հողի վրա, և մեր ամեն մեկ կաթիլ արյունը, որ թափել ենք այդ հողի վրա, այդ հողը պետք է շենացնենք, երկիրը պետք է հզորացնենք, բանակը հզորացնենք, նոր այդ ժամանակ արժանի դառնաք մեր մի կաթիլ թափված արյանը»:
Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «Ոսկի սերմեր․ երախտիքի և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի մրցանակաբաշխության արարողությունը կայացավ ԵՊՀ մշակույթի կենտրոնում: Հիմնադրամի ծրագրով ԵՊՀ՝ առայժմ 5 ֆակուլտետներում սահմանված կրթամրցանակներ շնորհվեցին նախօրոք հայտարարված մրցույթին մասնակցած և հաղթած ուսանողներին։
Համատեղ ծրագրի նպատակն է հավերժացնել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տաղանդավոր երիտասարդների հիշատակը, նպաստել կրթության և գիտության առաջընթացին՝ նրանց թանկ անուններով կրթամրցանակներ սահմանելով և երիտասարդ մասնագետներին խրախուսելով։ Կրթամրցանակները նվիրվում են մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին։
Այս կիսամյակ կրթամրցանակներ են հաստատվել հետևյալ ֆակուլտետներում․
1. Հայ բանասիրության ֆակուլտետ - Վարդան Ամալյանի անվան կրթամրցանակ
(հովանավոր՝ բեռլինահայ տիկնանց խումբ)
2. Պատմության ֆակուլտետի հնագիտության բաժին – Վահագն Թումասյանի անվան կրթամրցանակ (հովանավորներ՝ Զապէլ Փեշտիմալճիան և Էլիան Գապարաճիան, Փարիզ)․
3. Ֆիզիկայի ֆակուլտետ – Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակ
(հովանավոր՝ Զեյթունյան-Մորիյո-Վիկտորիա ընտանիք, Բեռլին)․
4. Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ – Ռուբեն Համբարձումյանի անվան կրթամրցանակ (հովանավոր՝ «Crumbs» հացթուխարան, Երևան)․
5. Արևելագիտության ֆակուլտետ – հերոս եզդիների հիշատակին նվիրված կրթամրցանակ (հովանավոր՝ դ-ր Անահիտ Տեր-Ստեփանյան, Նյու-Հեվն, ԱՄՆ)․
Արևելագիտության և հայ բանասիրության ֆակուլտետներում «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի մրցանակը կրկնապատկել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը»։
Ծրագրի մեկնարկը տրվել է «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»-ով:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ ուսանողներին բազմիցս ասել է՝ «տղերքը զոհվեցին հայրենքը պաշտպանելով, ձեզանից մնում է միայն սովորել, կրթվել ամենօրյա ռեժիմով և ձեր պարտքը պետք է տաք միայն կրթվելով: Ազգային միասնականության միակ տարբերակը կրթությունն է»:
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանի խոսքով, նահատակված զինվորները հիմա հողի տակ են, բայց դառնալու են այն սերմերը, որոնցից ծլարձակելու են մեր կրթության հետագա առաջընթացը:
Նա համոզված է, որ մրցունակ կրթությունն ու գիտությունն են այն հիմնարար հենասյուները, որոնց վրա պետք է կառուցվի Հայաստանի ապագան. «Այս մասին են երազել մեր անմահացած հերոսները՝ մեր ոսկի սերմերը։ Մենք նրանց զարգացող Հայրենիք ենք պարտք։ Ֆիզիկապես նրանց մարմինները հողի տակ են, բայց երկնքից մեզ առաջնորդում են»։
Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»։
«Երիտասարդ եզդիներ» կազմակերպության նախագահ Սայիդ Ավդալյանն ասաց, որ Արցախյան առաջին պատերազմին, Ապրիլյան քառօրյա պատերազմին, Արցախյան երրորդ պատերազմին եզդիները Հայաստանի, Արցախի պաշտպանության գործին իրենց մասնակցությունն են ունեցել, իրենց կյանքն են զոհաբերել այս հողի համար. «Հայերի հետ մենք եղբայրներ ենք, որովհետև միայն եղբայրները կարող են իրենց կյանքը զոհել հանուն մեկը մյուսի կյանքի, մեկը մյուսի անվտանգության ու պաշտպանության համար»:
Վարդան Ամալյանի զոհվելուց հետո առաջին անգամ այս արարողության ժամանակ բեմ բարձրացավ նրա մայրը՝ երգչուհի Արմինե Ամալյանը: Նա հիշեց, թե ինչպես էր դեռ փոքր տարիքից Վարդանն ուզել «շալակել Մասիսն ու տուն բերել, որպեսզի այլևս չմնա թուրքերի ձեռքը»: Նա կատարեց երգ Արևմտյան Հայաստանի, հողերը հետ բերելու մասին:
«Հիմա երազում ենք Արցախը հետ բերելու մասին»,- ասաց Արմինե Ամալյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ՝ Արցախյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին
- «.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- Կրթամրցանակներ նվիրված մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին
- «Ուրիշ ով, եթե ոչ ես»... Էրիկ Գևորգյանը բանակ գնաց այս խոսքերը շուրթերին
- «Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը
- «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...