Արցախը անշեղորեն շարժվում է դեպի մեր հավաքական նպատակակետը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ.
«Ուղիղ 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը: Սկսվեց պետականակերտման անհարթ, բայց պատվաբեր մեր ուղին: Իսկ 15 տարի առաջ համաձայնություն ենք տվել Հանրապետության մայր օրենքի ընդունմանը՝ մեր կամքով, մեր պատկերացումներով և հավատարիմ միջազգային իրավունքին:
ԼՂՀ Անկախությամբ ու Սահմանադրությամբ մենք ամրագրել ենք հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։ Եվ այսօր, Արցախի Հանրապետությունն, իր գոյության 30 տարիների ընթացքում ունենալով բազմաթիվ կորուստներ, կրելով զրկանքներ ու ապրելով դժվարին օրեր, այդուհանդերձ, անշեղորեն շարժվում է դեպի մեր հավաքական նպատակակետը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում, դեպի ժողովրդավարության ուղու վրա ամուր կանգնած ազգային պետության կայացում ու հարատևում՝ Մայր Հայաստանի հետ մեկտեղ:
44-օրյա պատերազմը դարձավ ծանր փորձություն այդ ճանապարհին, սակայն մեր հարազատների թափած արյունը հայրենի հողում և մեր կրած զրկանքները լրացուցիչ չափով պարտավորեցնում են մեզ անդավաճան ու անխոնջ կերպով շարունակել ընտրված ուղին՝ դասեր քաղելով անցյալի փորձություններից:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անկոտրում կամք, եռանդ և համբերություն մեր իրավունքների ու ազատությունների իրացման, մեր ազգային արժեքների պաշտպանության ճանապարհին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան