Վերադարձած գերիներին կալանավորելով՝ ՀՀ-ն իր համար ազգային անվտանգության խնդիր է ստեղծում․ Սիրանուշ Սահակյան
«Մինչև նոյեմբերի 16-ի միջադեպը մենք ունենք այս պահին հաստատված և դեռևս Ադրբեջանում պահվող 40 ռազմագերի, սակայն իրավապաշտպանների փաստահավաքությունը վկայում է, որ դա իրական թիվը չէ, հավելյալ առնվազն 80 անձ գտնվել է գերեվարման մեջ, բայց Ադրբեջանը հրաժարվում է պաշտոնականացնել նրանց գերեվարումը և նրանք այս պահին բռնի անհետացվածի կարգավիճակում են»,- aysor.am-ի հաղորդմամբ, ռազմագերիների ճակատագրի և նրանց իրավունքների շուրջ քննարկմանը ասել է հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Բռնի անհետացածների ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ, Սահակյանի խոսքով, փորձ է արվել ճշտել տարաբնույթ աղբյուրներով, սակայն մինչև այժմ տեղեկություն չկա՝ նրանք որևէ թաքստոցո՞ւմ են պահվում, թե՞ սպանված են և, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց դիերը։
Իրավապաշտպանը վերահաստատել է նաև իր հայտարարությունը՝ Սյունիքում նոյեմբերի 16-ին ծավալված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմից գերեվարվածների թվի մասին. նրանք, Սահակյանի խոսքով, 3 տասնյակից ավելին են։
«Մեզ համար նաև ցավալի էր՝ գերեվարմանը հաջորդած օրերի ընթացքում պաշտոնականացվեց մի թիվ, որը չէր համապատասպանում իրականությանը։ Խոսում էին 12 կամ 13 գերեվարվածի մասին այն պարագայում, երբ միայն տեսանյութերի ուսումնասիրությամբ կարելի էր հիմնավորել ավելի մեծ թիվ, և քանի դեռ բոլոր հանգամանքներն ուսումնասիրված չէին, հայկական կողմը չէր կարող թիվ պաշտոնականացնել։ Նախկին միջադեպերով հայկական կողմն առհասարակ չէր հրապարակում թվեր, այդ թվերը հրապարակում էինք մենք, և ինձ համար առնվազն զարմանալի է, թե ինչո՞ւ փոխվեց վարքագիծը, ինչը միգուցե դրական էր, բայց այդ փոփոխության պարագայում ինչո՞ւ են հրապարակում ակնհայտորեն ավելի փոքր թիվ, քան իրականում է», - ասել է Սիրանուշ Սահակյանը՝ կրկնելով, որ իրավապաշտպանների ուսումնասիրության արդյունքով մոտ 32-33 զինծառայող է գերեվարվել։
Նրա գնահատմամբ, դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն ներկայացնելը անպայման բացասական ազդեցություն է ունենալու:
«Դրա հիմքով Ադրբեջանն ավելի ինտենսիվ և ավելի ակտիվորեն է հայ ռազմագերիների մոտ փորձելու արմատավորել տպավորություն, որ Հայաստանը հետաքրքրված չէ իրենցով, որևէ ջանք չի գործադրում իրենց վերադարձնելու ուղղությամբ, հայ ռազմագերիներն ավելի պաշտպանված են Ադրբեջանում, քան՝ Հայաստանում, որովհետև հայրենիքում նրանց կարող են զրկել ազատությունից, ինչպես նաև փորձելու է դրդել հրաժարվել հայրենադարձությունից և հայ ռազմագերիներին ներկայացնել այլ՝ երրորդ երկիր վերադառնալու այլընտրանք», - ասել է Սահակյանը։
Նար խոսքով, սա բարդացնում է գերիների վերադարձի գործընթացը և կարող է ձգձգել այն։
«Ստացվում է, որ մենք օբյեկտիվ խոչընդոտներ ենք ստեղծում վերադարձի գործընթացում։ Սա նաև բացասաբար է անդրադառնալու ազգային անվտանգության խնդիրների վրա։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները միշտ փորձել են հավաքագրել հայ ռազմագերիներին։ Բացառություն չի կարող լինել նաև այս դրվագով։ Ադրբեջանի այս նպատակն ավելի իրագործելի կլինի, եթե հայ զինծառայողները լինեն ոչ թե Հայաստանում՝ Ազգային անվտանգության ծառայողների ուժեղացված հսկողության ներքո, այլ երրորդ երկրում», - ընդգծել է իրավապաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Իր անզորությունը գիտակցող իշխանությունը փորձում է գերիների հարցը հանել
- Դատարանն այսօր դեռ կքննի Հայաստան վերադարձած գերիներին կալանավորելու միջնորդությունը
- Մուրադով. Բոլոր ադրբեջանցիները վերադարձվել են Բաքու, հայ ռազմագերիների վերադարձման աշխատանքները շարունակվում են
- Ալեն Սիմոնյանի հետ հանդիպել է գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատներից 10 հոգի
- Այսօր էլ եմ պատրաստ եմ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց. Փաշինյան
- Ինչու Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի վերադարձն առ այսօր օրակարգի հարց չի դառնում. Տիգրան Աբրահամյան
- Փոխգնդապետ Ղազարյանը դիմել է ԱԱԾ. Իրենց Հին Թաղեր և Խծաբերդ են ուղարկել առանց տեղանքին ծանոթացնելու, որ գերի ընկնեն
- Գերիների, անհետ կորածների հարազատները ԱԺ դիմաց են. «Աշոտիկին թող ուղարկի Բաքու, տղաներին վերադարձնի»
- Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը գերիների մասին. «Արդեն իրանք չկան, իմ համար չկան»
- Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է. ՔԿ