Վարդևանյան. Այդ ամենի հետ հաշտ ու համերա՞շխ էր լինելու Հայաստանի իրավապահ համակարգը
«Դատախազությունն ունեցավ արժանապատվություն՝ ընդունելու իր պարտությունը և արձանագրել, որ բոլոր պատգամավորները պետք է ազատ արձակվեն»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով դատական նիստը։
Վարդևանյանն ընդգծեց՝ այլ հարց է, թե ինչու դա պետք է տեղի ունենա դեկտեմբերի 10-ին, ինչո՞ւ է պետք այդ պրոցեսը։
«Անկեղծ, ենթադրենք, որ «Հայաստան» խմբակցությունն իր կազմում չունի իրավական գիտելիքներ ունեցող պատգամավոր։ Եվ օրինակ, չէր պատկերացնում, որ այս հարցով կարելի էր ՍԴ դիմել։ Ի՞նչ էր լինելու, պատգամավրները շարունակելու էին մնալ կալանավորվա՞ծ, Արմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակելու էր վատթարանա՞լ, և դրա հետ հաշտ ու համերա՞շխ էր լինելու Հայաստանի իրավապահ համակարգը։ Այստեղ է ամենամեծ ցավը»,-ասաց Վարդևանյանը։
Նա նշեց, որ չի կարողանում լիաթոք ուրախանալ ՍԴ որոշման համար, քանի որ իր գործընկերներն ամիսներ շարունակ մնացել են կալանավորված։
«Սա ցավալի երևույթ է։ Երբ մենք ասում ենք՝ ունենք իրավական պետության, ժողովրդավարության ճգնաժամը, հենց սրա մասին է խոսքը, քանի որ ՍԴ-ն վերջին միջոցներից է»,- ասաց նա։
Վարդևանյանը նշեց, երեկ երբ իր էլեկտրոնային փոստն էր նայում, հայտնաբերել է, որ դեռ հուլիսի 27-ին որպես փաստաբան նամակ է ուղարկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, կցել Արթուր Սարգսյանի ու Մխիթար Զաքարյանի պատգամավորական մանդատի պատճենները։
«Խնդրել էի, որ հիմք ընդունի Սահմանդրության 96-րդ հոդվածն ու ազատ արձակել նրանց։ Սահմանադրական դատարանը հենց նույն 96-րդ հոդվածն է գրել իր որոշման մեջ։ ՍԴ-ն իր որոշման մեջ գրել է՝ սիրելի ընկերներ, Սահմանդրության 96-րդ հոդվածը դուք չե՞ք տեսել, դուք Սահմանադրություն չե՞ք կարդում»,- ավելացրեց Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին
- Մեկնարկեց Արմեն Չարչյանի գործով արտահերթ դատական նիստը