Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու հրատապությունը
Դեկտեմբերի 9-ին Ստրասբուրգում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
«Հանդիպման ընթացքում օրինակներով ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կատարում են Հայաստանի բնակչության իրավունքները կոպիտ խախտող արարքներ՝ սկսած այն պահից, երբ հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին. կրակոցներ, հրհդեհում են արոտավայրեր և այլն:
Հատուկ անդրադարձել եմ Սյունիքում ճանապարհների արգելափակմանը, նշել, որ ալընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողների նշանառության ներքո են ճանապարհը, քաղաքացիական բնակիչները, նրանց տները:
Շեշտել եմ, որ խախտումների վերացման իրական լուծումը բոլորովին այլ է. դա ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի հարևանությունից ու ճանապարհներից:
Պետք է լինի ապառազմականացված [անվտանգության] գոտի, որի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում:
Բացատրել եմ, որ դա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:
Հանդիպման ընթացքում առանձին նշել եմ, որ խնդիր է, որ միջազգային կառույցները չեն այցելում Արցախ (Լեռնային Ղարաբաղ). ստացվում է՝ Եվրոպայի խորհրդի տարածքում կա վայր, որ հասանելի չէ ընդհանրապես, ինչը հակասում է հենց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բանաձևերին:
Մանրամասն անդրադարձել եմ հայ գերիների ազատ արձակմանը, Հայրենիք նրանց վերադարձի հրատապությանը, որոնք ապօրինաբար են պահվում Ադրբեջանում:
ԵԽ գլխավոր քարտուղարին շնորհակալություն եմ հայտնել պատերազմի սկզբում ու դրանից հետո զինված հարձակումները դադարեցնելու հայտարարությունների և կոչերի, իր անձնական ջանքերի համար:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը բարդ ու ճգնաժամային իրավիճակում:
Գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Կարևորել է Պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դիրքորոշումներ ուղարկելու պրակտիկան: Ինքս կարևորել եմ այս պրակտիկան ու նաև նշել, որ դա անում ենք նաև ՀԿ-ների հետ համատեղ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Զինված ուժերում մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանությանը, խոշտանգումների կանխարգելմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Հանդիպման ավարտին ԵԽ գլխավոր քարտուղարին եմ փոխանցել նշված թեմաներին վերաբերող արտահերթ զեկույցներս»,- գրել է Ա.Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն․ ՄԻՊ
- Արման Թաթոյանն աշխատակազմով մեկնել է Սյունիք
- Արման Թաթոյանին հանձնվել է «Human Rights Champion» պատվավոր մրցանակը
- Թաթոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է Արցախում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների փաստերը
- «Թաթոյանը իրականացնում է համ ՄԻՊ-ի, համ սփյուռքի և ԱԳ նախարարի, համ էլ բացակա դեսպանի ֆունկցիաներ»
- Արման Թաթոյանը հրապարակել է Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների փաստահավաք տվյալները
- Թաթոյան. Հայաստանից ադրբեջանական մարմիններին հուշում են՝ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին