Մարշալ Արծրունի սխրանքը
«Սուզանավի կապիտանը կանչում է իր մոտ միչմանին, ասում՝ ոչ մի կերպ մեզ հետապնդող տորպեդից չենք կարող խուսափել, գնա, նավաստիներին ուրախացրու, թող ուրախ մեռնեն գոնե...»։
Նկատե՞լ եք, որ նույնիսկ անեկդոտները չեն ուրախացնում։ Ոչ միայն, որ սրտներս նեղ է, այլ որ՝ դրանց մեծ մասը մեր այսօրվա կյանքի մասին է։ Սա լրիվ՝ Արծրուն Հովհաննիսյանի։
Արծրունի, որովհետև անեկդոտի շարունակությունը սա է. «Միչմանը գնում է, նավաստիներին հավաքում է, ասում է՝ կուզե՞ք տռռեմ ու մեր նավը պայթի։ Բոլորը ծիծաղում են, միչմանը տռռում է ու նավը պայթում է։ Կենդանի են մնում կապիտանն ու միչմանը, լողալով մոտենում են իրար, կապիտանն ասում է՝ միչման, իսկ տորպեդը մեր կողքով անցավ»։
Գրել Արծրունի այս սխրանքի մասին, նույնն է հիշեցնել, թե ինչպիսի հեշտությամբ ենք խաբվում ու զոհ գնում ստորությանը, թե՝ այդ ընթացքում տորպեդները կարող էին լրիվ կողքով անցնել։ Թե Արծրունը ինչպես էր մեզ ուրախացնում ուղիղ եթերներով, թե՝ #հաղթելուենք, ասում էր՝ մի վարկաբեկեք բանակը, իբր այնքան թույլ ենք, թե կամավորների, կամ արկղերով հավաքած օգնության կարիք ունենք... Կա շատ ավելի շոշափելի սխրանք, քան ուղղակի ուղիղ եթերով խաբելն է։
Գիտեք՝ քանի-քանի վիրավոր, կամ մոլորված, կամ առանց հրամանատար մնացած խմբեր-ջոկեր եղան այս Պատերազմում, որ զանգում էին իրենց ծանոթ-հարազատներին, օգնություն ստանալու հույսով ու խնդրանքով։ Զանգում էին, քանի հեռախոսները չէին լիցքաթափվում։ Հեռախոսները լիցքաթափվում էին, հարազատների ու զանգեր ստացողների սրտերը ահագնացող ցավից ու անզորությունից պայթում էին, իսկ օգնությունը չկար։
Զանգում էին լրագրողի, թե՝ առանց հրամանատար, առանց տեղանքի քարտեզի ենք մնացել, չենք կողմնորոշվում, թե մերոնք որ կողմն են... Լրագրողը Արծրունին էր փոխանցում, որպես ամենահասանելիի ու, ինչպես ինքն էր ասում՝ ամեն տեղ գնացող ու իր աչքով տեսնողի, իսկ Արծրունը բարկանում էր, թե՝ քանի անգամ ասել ենք չզանգեն, էլի զանգում են... Ու ոչ մի բան։ Ոչ մի օգնություն՝ ոչ հրամատարի տեսքով, ոչ տեղանքին գոնե ծանոթացնելու ձևով։
Երևի որ չզանգելու հրաման են խախտել, Արծրունի կարծիքով կրկնակի մեռնելու պարտականություն են ձեռք բերել, երևի Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ կրկնակի գերի ընկնելու, իսկ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ երևի զանգելով տարօրինակորեն ընդվզում են իրենց կործանման դեմ, ինչը այս Պատերազմի ռազմավարությունն էր։
Ինչ եղավ ջոկը, որ անտեր էր թողնվա՞ծ։ Սպասեց մինչև թշնամական –ադրբեջանական կրակոցները, այդպես որոշեց որտեղ է թշնամին ու շարժվեց հակառակ ուղղությամբ՝ դեպի մերոնք։
Ինչ եղավ Արծրունը՞։ Այո, մարշալ չդարձավ, բայց նրա՝ այս Պատերազմի «սխրանքը» անմեռ է։
Երիցս անմեռ։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլի միակ պահանջը
- Կիսաթրաշ, կիսամանդատ, կիսակյանք, կիսականք
- Կրակե՛ք
- Զոհված զինծառայողի հայրը պատրաստվում է դիմել դատարան. Ֆանտաստիկ բարդակի հեղինակ ստահակները պետք է պատասխան տան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան