Գերությունից վերադարձած զինծառայողներից մեկը չի կալանավորվի
Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող զինծառայողներից Ն. Ե.-ն չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, մերժել է Ն. Ե.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ վարչության ներկայացրած միջնորդությունը՝ նրա նկատմամբ այլ խափանման միջոցի հարցը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է պաշտպան Կարմեն Պողոսյանը։
Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնեց, որ անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են և շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձևը։ Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։
Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ վերադարձած գերիներից մի մասին ձերբակալել են, ապա մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած գերիներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։
Զինծառայողներից մեկի՝ Ն. Ե.-ի խափանման միջոցի հարցը դատարանը քննել է երեկ և մերժել. զինծառայողն այժմ ազատության մեջ է։ Փաստաբան Կարմեն Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում զերծ մնաց գործից մանրամասներ հայտնելուց՝ նշելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են պարունակում, մեղադրանքը նոր է առաջադրվել, գործի հանգամանքների և ցուցմունքների վերաբերյալ ոչինչ ասել չի կարող։ Փաստաբանը միայն հայտնեց, որ այդ պահին իր պաշտպանյալը եղել է դիրքի ավագ, կոչումով՝ մայոր է, հրամանատարի տեղակալ։ Քրեական գործի շրջանակներում Ն. Ե.-ն մեկ անգամ ցուցմունք է տվել՝ վկայի կարգավիճակով՝ կասկածանքի շուրջ, իսկ ինչ վերաբերում է մեղադրանքի շուրջ Ն. Ե.-ի դիրքորոշմանը՝ փաստաբանը զերծ մնաց մանրամասնելուց։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Իր անզորությունը գիտակցող իշխանությունը փորձում է գերիների հարցը հանել
- Դատարանն այսօր դեռ կքննի Հայաստան վերադարձած գերիներին կալանավորելու միջնորդությունը
- Մուրադով. Բոլոր ադրբեջանցիները վերադարձվել են Բաքու, հայ ռազմագերիների վերադարձման աշխատանքները շարունակվում են
- Այսօր էլ եմ պատրաստ եմ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց. Փաշինյան
- ՔԿ. 10 գերիները հարցաքննվել են, հարուցված քրեական գործեր չկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան