Մամիջանյան. Ալեն Սիմոնյանի հետկանչի մասին հարցը «Պատիվ ունեմ»-ը կքննարկի երկուշաբթի օրը
««ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ ԱԺ նախագահի հրաժարականը կարող են պահանջել միայն խմբակցությունները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով մամուլի այն հրապարակումը, ըստ որի, Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության ներքո ստորագրել են «Պատիվ ունեմ» խմբակցության՝ միայն ՀՀԿ-ական անդամները։
Նա նշեց, բացի այն, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, նաև ֆիզիկապես հնարավոր չէ։
Մամիջանյանը կարծում է, որ նման հրապարակման համար առիթ է հանդիսացել Պետրոս Ղազարյանին տված իր հարցազրույցը, որն ի դեպ, դեռ չի հեռարձակվել։
«Ալեն Սիմոնյանը, պատկերացում չունեմ՝ որտեղից, ավելի ճիշտ ենթադրում եմ՝ որտեղից, այս պահի դրությամբ դեռ եթեր չգնացած Հ1-ին տված հարցազրույցից է վերցրել ու որոշել ինչ-որ հիմնավորում անել, որն անընդունելի է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու համար։ Կարող էր համբերել, մինչև գրությունը կստանար»,- ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ հարցի վերաբերյալ քննարկումներ եղել են, սակայն երկուշաբթի խմբակցության նիստում վերջնական կքննարկվի ու ամենայն հավանականությամբ որոշում կկայացվի։
«Որոշումը կայացնելուց հետո մենք այն մուտք կանենք ԱԺ փաստաթղթաշրջանառության համակարգ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը, վկայակոչելով իր տեղեկությունները գրել էր, որ նախաձեռնության ներքո հրաժարվել են ստորագրել Արթուր Վանեցյանը, Իշխան Զաքարյանը և Թագուհի Թովմասյանը։
Նշենք, որ «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքի 149 հոդվածը վերաբերում է Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին հետ կանչելու կարգին։
Այն սահմանում է.
1. Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:
2. Ազգային ժողովի նախագահին հետ կանչելու մասին հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետևյալ կարգով՝
1) մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը.
2) մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ Ազգային ժողովի նախագահը.
3) ելույթից հետո հիմնական զեկուցողին և Ազգային ժողովի նախագահին կարող են հարցեր տրվել.
4) մտքերի փոխանակություն.
5) մինչև տասնհինգական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ կարող են հանդես գալ հիմնական զեկուցողը և Ազգային ժողովի նախագահը:
3. Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։