Ադրբեջանը չի արձագանքել զորքերի հայելային հետքաշման մասին ՀՀ առաջարկին. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարությունը.
«Հայաստան-Ադրբեջան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկվող զինված սադրանքները կրում են ամենօրյա բնույթ: Դեկտեմբերի 10-ին նման մի սադրանքի հետևանքով զոհվել է Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Վահե Վաղարշակի Մանասերյանը, ևս ութ զինծառայողներ վիրավորվել են:
Խորին ցավակցություն հայտնելով զոհված զինծառայողի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորված զինծառայողներին` Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները և արձանագրում, որ դրանք կրում են պլանավորված բնույթ և տարածաշրջանում իրադրությունը շարունակաբար սրելու նպատակ ունեն:
Այս արձանագրումը հենվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանը շարունակաբար զարգացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անհեթեթ հռետորաբանությունը, ինչը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին, նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորում է:
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս.թ. մայիսից ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք: Այսօրվա միջադեպը տեղի է ունեցել օկուպացված այդպիսի հատվածներից մեկում:
Մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի Հանրապետության առաջարկին, որը նոյեմբերի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցվել նաև գրավոր:
Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է վերը շարադրված փաստերի, ինչպես նաև այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:
Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանական Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, չխոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկումը»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական սադրանքին դիմագրավելու ընթացքում զոհվել է 19-ամյա զինծառայող, ութ զինծառայող էլ վիրավոր է. ՊՆ
- Ադրբեջանի ԶՈՒ նախահարձակ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, վիրավորներ. ՊՆ
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայկական մարտական դիրքերի վրա. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան