Սաակաշվիլի-Մարգվելաշվիլի-Զուրաբիշվիլի հանդիպում՝ հանուն համազգային երկխոսության
Վերջին օրերին Վրաստանում քաղաքական բուռն քննարկման առիթ է դարձել ԱՄՆ ժողովրդավարության գագաթնաժողովում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը ներառական գործընթաց սկսելու վերաբերյալ, այդ ամենին երրորդ նախագահ Սաակաշվիլիի, չորրորդ նախագահ Մարգվելաշվիլիի և մի շարք քաղաքական ուժերի արձագանքները։
«Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԱՄՆ ժողովրդավարության գագաթնաժողովում խոստացել է, որ Վրաստանում կսկսվի «ներառական գործընթաց, համազգային երկխոսություն՝ ներգրավելով ողջ համայնքը՝ նորագույն պատմության ընդհանուր ըմբռնում ձեռք բերելու, ցավը հաղթահարելու և առաջ շարժվելու համար»։
Դեկտեմբերի 11-ին Միխեիլ Սաակաշվիլին նամակով պատասխանել է Սալոմե Զուրաբիշվիլիի՝ ներառական գործընթացի մեկնարկի մասին հայտարարությանը և առաջարկել Գորիի զինվորական հոսպիտալում Գիորգի Մարգվելաշվիլիի հետ առաջին հանդիպումը՝ երկխոսություն սկսելու համար։
Ինչպես գրել էր Սաակաշվիլին, երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ է, որ բոլորը նստեն կլոր սեղանի շուրջ և դրա համար լավագույն ձևաչափը այսպես կոչված հարավաֆրիկյան մոդելն է, որտեղ ստեղծվել է Օրենքի և հաշտեցման հանձնաժողովը: Ըստ Սաակաշվիլիի, նման երկխոսությունն այլընտրանք չունի։
Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պատասխանել է Սալոմե Զուրաբիշվիլիի և Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարություններին՝ ասելով, որ երեք նախագահների հանդիպումը «շատ համարժեք» կլինի «ներառական գործընթացն» սկսելու համար։
Մարգվելաշվիլին կարծում է, որ երեք նախագահների հանդիպումը շատ ադեկվատ մարտավարություն է։
Մարգվելաշվիլիի խոսքով, այս հանդիպումը պետք է անցկացվի Ավլաբարի նախագահական նստավայրում, և եթե գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միջնորդի, Սաակաշվիլիին դրա համար կթույլատրեն դուրս գալ Գորիի զինվորական հոսպիտալից։
Սակայն, ըստ Մարգվելաշվիլիի, ինքը հոռետես է այս հարցում՝ կապված 2021 թվականին երկրում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
«Իմ հոռետեսության հիմքն այն է, որ 2021 թվականին ոչինչ չպետք է զիջել, այս էմոցիան արդեն քաղաքական մտածելակերպի մի մասն է, որ ամեն ինչ մեկ ուժի ներքո է»,- պարզաբանել է Մարգվելաշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին ուկրաինացիներին խնդրել է միանալ FreeMisha ակցիային
- Կիկաբիձեն տեսակցել է Սաակաշվիլիին
- Սաակաշվիլին խոստացել է բանտից դուրս գալուց հետո վերադառնալ Ուկրաինա
- Վրաստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ Սաակաշվիլին արտերկրում բուժման կարիք չունի
- Սաակաշվիլիի համար ընդդիմության կողմնակիցները հավաքվել են Թբիլիսիի դատարանի մոտ
- Սաակաշվիլիին թույլ են տվել ներկա լինել իր դատին