Աշոտյանը շնորհակալ է ՀԱԿ-ին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Հանրային» հեռուստաընկերությամբ հեռարձակվող քաղաքական թոք-շոուն սկսելուց առաջ ենթադրում էր՝ հետաքրքրությունը մեծ է լինելու իր վարած հաղորդման նկատմամբ, բայց չէր ակնկալում, որ այսքան մեծ կլինի:
«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին ու անհատներին, որոնք իրենց քննադատությամբ ու ուշադրությամբ էլ ավելի բարձրացրեցին հասարակության ուշադրությունն ու այս նախագծի գրավչությունը»,- ասաց նա:
Ա.Աշոտյանի խոսքերով՝ ի սկզբանե հաղորդումը նախատեսված չէ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի համար. «Այն ընդգրկելու է բազմաթիվ թեմաներ, ձգվելու է ավելի երկար: Չի ստեղծվել հանրաքվեի համար, չի ավարտվելու հանրաքվեով: Պարզապես ակնհայտ է, որ եթե խնդիր կա քննարկելու հասարակությանը հուզող հիմնահարցեր, ապա այս էտապում չենք կարող շրջանցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն»:
Նա միաժամանակ ասաց, որ տաղավարում ինքը միայն հեռուստահաղորդավար է, ով պատրաստ է բոլոր հյուրերին նույն բարդության հարցերն ուղղել:
Ա.Աշոտյանի խոսքերով՝ ոմանք փորձում են կարծրատիպ ձևավորել, թե իշխանությունը վախենում է ընդդիմության հարցերից:
«Այս պարագում, կարծես թե, անհասկանալի մեկ այլ սեխեմա են հարթակ նետել, թե ընդդիմությունն է վախենում իշխանության հարցերից: Ես հարթակում իշխանություն չեմ ներկայացնում, պարզապես եթե տալիս եմ վատ, ծանր հարցեր, ապա այդ հարցերը տալով՝ տալիս եմ հնարավորություն դիմացինին ներկայացնելու իր տեսակետը: Ես շատ եմ ուրախանում, որ ինձ ամենադաժան հարցերն եք տալիս, քանի որ դա հնարավորություն է ինձ՝ ներկայացնելու հասարակությանը մեր տեսակետը: Հետևաբար, պետք չէ խրտնել հարցերից: Հարցերն էլի կլինեն սուր, անսպասելի, բայց միտում չունեն կպնելու, քննադատելու կամ վարկաբեկելու որևէ մեկին»,- ընդգծեց Ա. Աշոտյանը:
Նա նշեց նաև, որ այդ հաղորդումը Աշոտյանի շուրջ ստեղծված, բայց ոչ Աշոտյան քաղաքական գործչով պայմանավորված հաղորդում է:
Ա.Աշոտյանի խոսքերով՝ ՀԱԿ-ի ղեկավարությանն էլ են հրավեր ուղարկելու այս հաղորդմանը մասնակցելու համար: Եթե չգան էլ, այդ հաղորդումը կստացվի, որովհետև, ըստ նրա, «ոչ»-ը միայն ՀԱԿ-ը չէ: «Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ ՀԱԿ-ը կեղծ օրակարգ է ձևավորել՝ փորձելով ուշադրության կենտրոնում պահել ոչ թե սահմանադրական փոփոխությունները՝ որպես երևույթ և բովանդակություն, այլ նպաստելով Արմեն Աշոտյանի նոր ծրագրի հանրայնացմանը, ինչի համար իհարկե շատ շնորհակալ եմ, շատ անսպասելի նվեր էր ՀԱԿ-ի կողմից»,- ասաց Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան