Ալեն Սիմոնյանի՝ գերիների վերաբերյալ հայտարարությունը կազմակերպված բնույթ է կրում ամենաբարձր ղեկավարության կողմից. Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի համար զարմանալի է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի նախագծի հետ կապված արձագանքները եղան ցավոտ:
ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նա հիշեցրեց, որ օգոստոսի 2-ին, երբ տեղի էր ունենում Ազգային ժողովի նախագահի ընտրություն, իրենք առաջադրել էին իրենց երկու գործընկերների՝ Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի թեկնածությունները:
«Դեռ այն ժամանակ մենք ասել էինք՝ այն, ինչ Ազգային ժողովում կատարվում է առանց մեր երկու գործընկերների մասնակցության, ապօրինի է ու չի համապատասխանում ոչ միայն սահմանադրական կարգավորումներին, այլև ժողովրդավարության հիմնական արժեքներին», - ասաց նա:
Ա. Մինասյանը նշեց՝ ՍԴ դեկտեմբերի 7-ի որոշմամբ արձանագրվել է, որ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորները՝ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, օգոստոսի 2-ից ապօրինաբար են հայտնվել կալանավայրում, նրանց ազատությունները սահմանափակված են եղել:
Շարունակելով ներկայացնել ԱԺ նախագահի հրաժարականը պահանջելու հիմնավորումները՝ «Հայաստան» խմբակցության քարտուղարն ասաց. «Մենք գործ ունենք փաստացի ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հետ, ով միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում մեր արտաքին քաղաքականության համար։
Նա կատարում է հայտարարություններ՝ կապված գերիների, անհետ կորածների վերաբերյալ, որոնց, նախևառաջ, պետության պարտականությունն է հայրենիք վերադարձնել, մինչդեռ, դա ոչ միայն հոգեկան ցավ ու տառապանք պատճառող, այլ նաև Հայաստանի պաշտպանությունը թուլացնող հայտարարություն է: Չի բացառվում, որ սա կազմակերպված բնույթ է կրում ամենաբարձր ղեկավարության կողմից։ Նման հայտարարությունը մեր երկիրը, մեր պետականությունը թուլացնելուն ուղղված գործողություն է», - նշեց Արծվիկ Մինասյանը:
Նա ասաց, որ գործ ունեն ԱԺ նիստերի ժամանակ լարվածություն ստեղծող անձի հետ, իսկ պետական պահպանության ծառայությունը, ըստ էության, դարձել է գործիք պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրելու համար. «Վերջին իրադարձությունը ցույց տվեց, որ գործ ունենք ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հետ, որը չի կարևորում ԱԺ-ում կարգուկանոնը, քաղաքական ճիշտ մշակույթը, դրան գումարած նաև չի փայլում պատգամավորական վարքի կանոններով տարբեր այլ հակակոռուպցիոն, էթիկայի կանոնների ենթադրյալ խախտումների մասերով»:
Հարցին՝ ԱԺ նախագահի հրաժարականի հարցը օրակարգ բերելը քննարկե՞լ են ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ, ո՞վ է լինելու Ալեն Սիմոնյանի հավանական հրաժարականից հետո իրենց ԱԺ նախագահի թեկնածուն, Արծվիկ Մինասյանը նախ նշեց, որ այս առաջարկը կրում է իրավաքաղաքական գնահատականի բնույթ, սրանով իրենց խմբակցությունը և «Հայաստան» դաշինքն առհասարակ ցուցաբերում են վերաբերմունք ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող մի անձի նկատմամբ, ով նշված հիմնավորումների ներքո պարզապես չի կարող իրենց պատկերացրած չափանիշներին համապատասխան իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները:
«Երկրորդ, ինչպես ցանկացած կարևորագույն հարց, քննարկման առարկա է դառնում դաշինքում: Մեր բոլոր քննարկումներում, այդ թվում նաև երկրորդ նախագահի մասնակցությամբ որպես ընդլայնված կազմով քննարկում, տիրում է ժողովրդավարության ամենաբարձր չափանիշները»,- ասաց նա:
Իսկ ԱԺ նախագահի թեկնածուն, ըստ Ա. Մինասյանի, կընտրեն ընդդիմադիր խմբակցությունների միջից:
«Այս հարցը քննարկվել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության հետ միասին, որպեսզի միասնական տեսակետը պահենք:
Բայց կրկնում եմ, որ սա իրավաքաղաքական գնահատական է՝ քաջ հասկանալով հանդերձ, որ, ի վերջո, հնարավոր է այս որոշման նախագիծը չընդունվի, քանի որ գործ ունենք մի մեծամասնության հետ, որը մի հրահանգով քվեարկություն է իրականացնում առանց խորանալու խնդիրների մեջ»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյան. Ալեն Սիմոնյանի հետկանչի մասին հարցը «Պատիվ ունեմ»-ը կքննարկի երկուշաբթի օրը
- Ալեն Սիմոնյանը ոնց լայքի և շեֆերին հաճոյանալու համար ստատուս գրող կար՝ այդպես էլ մնացել է. Մամիջանյան
- Ալենն արթնացել է
- Ալեն Սիմոնյանի հետ հանդիպել է գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատներից 10 հոգի
- ՄԻՊ-ն ու իրավապաշտպանները Ալեն Սիմոնյանին խստիվ հորդորում են զգայուն հարցերը չշահարկել քաղաքական կամ այլ նպատակներով
- Գերիների հարազատները փակել են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները՝ պահանջելով Ալեն Սիմոնյանին
- Ալեն Սիմոնյանը փորձում է արդարանալ
- Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը գերիների մասին. «Արդեն իրանք չկան, իմ համար չկան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան