Տուրօպերատորները հրաժարվում են վերադարձնել Եգիպտոսի փաթեթների գումարները
Եգիպտոսում հանգիստն անցկացնել պատրաստվող հայաստանցիները դժվար խնդրի առաջ են կանգնել: Տուրօպերատորները հրաժարվում են տուրիստական գործակալություններին վերադարձնել գումարները, գործակալություններն էլ քաղաքացիներին են տեղակացնում խնդրի մասին:
«Եգիպտ տուր» և «Ֆեմիլի տուր» տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ աշխատում են մի քանի տուրօպերոտորների հետ՝ հայկական, վրացական, ռուսական:
«Եգիպտ տուր»-ի մենեջեր Գայանե Մելիքյանը նշեց, որ «քենսըլներ» եղել են, շատ են նաև Եգիպտոսի շուրջ ստեղծված վիճակով անհագստացող քաղաքացիները:
«Հրաժարվելու դեպքում, հատկապես ամանորյա փաթեթների պարագայում, մեծ տուգանքներ են կիրառվում: Տուրօպերոտորը հրաժարվում է հետ տալ գումարները: Հստակ անուններ չեմ կարող ասել, գրեթե բոլորն էլ ասել են, որ գումարը չեն կարող վերադարձնել: Ամբողջ շուկայում է այս վիճակը»,-ասաց Գ. Մելիքյանը:
Նրա խոսքով, դեպի Եգիպտոս բավականին շատ փաթեթներ են վաճառվել. «Սա առաջին ուղղությունն է, որը բավականին հարմար է հայերի գրպանին: Անընդհատ զանգեր են լինում, մարդիկ անհագստացած են, կասկածներ ունեն: Ամանորյա փաթեթ գնածները դեռ սպասում են»:
Տուրիստական գործակալության ներկայացուցչի խոսքով, քանի որ չկա ԱԳՆ հայտարարություն՝ Եգիպտոս չմեկնելու մասին, ապա քաղաքացիներին փաթեթները հետ վերադարձնելու պարագայում տուգանքներ են սպառնում՝ սկսած փաթեթի գնի 20 տոկոսի չափով:
«Երբ կորոշվի, որ չվերթներ չեն լինելու, դա այլ հարց է, բայց եթե հաճախորդն ինքնակամ է հրաժարվում, ապա շարժվելու ենք պայմանագրով, որը նախատեսում է տուգանք»,-ասաց նա:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս պարագայում խախտվում են սպառողների իրավունքները:
«Ռուսաստանը դադարեցրեց թռիչքները դեպի Եգիպտոս, խնդիր առաջացավ: Հիմա կամ մեր երկիրը պետք է գնա նույն քայլին, չիրականացնի թռիչքներ, այս պարագայում որևէ տնտեսվարող չի կարողանա հետ չընդունել: Իսկ երբ ՔԱԳՎ-ն ու Էկոնոմիկայի նախարարությունը ձեռքները խնդրից լվանում են, թողնում են սպառող-տնտեսվարող հարաբերությունների կարգավորմանը, ունենում ենք այն, ինչ ունենում ենք»,-ասաց ՀԿ նախագահը, ավելացնելով, որ այս պահի դրությամբ հարցի լավագույն լուծումը դեպի Եգիպտոս թռիչքների դադարեցման մասին հայտարարելն է:
Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը Panorama.am-ին ասաց՝ խնդրին տեղյակ է, սակայն որևէ բան ասել չի կարող: Պատճառաբանեց, որ ձեռքերն ազատ չեն ու ինքը մի քանի վայրկյանից ինքնաթիռ է մտնելու:
«Մենք պետք է քննարկում անենք: Արել ենք, բայց իմ վերադառնալուց հետո նորից քննարկում է լինելու: Ես գործուղման եմ մեկնում, երկուշաթի կվերադառնամ, հանգիստ կխոսենք: Խնդրին տեղյակ եմ: Չեմ ուզում հապճեպ բաներ խոսել»,-ասաց Ապրեսյանն ու խնդրեց իրեն հանգիստ թողնել:
Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Panorama.am-ին հայտնել է, որ Եգիպտոս մեկնելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիներին ուղղված նոր հայտարարությամբ ԱԳՆ-ն հանդես չի եկել: Ուժի մեջ է մնում այս տարի ամռանը՝ հուլիսին արված հորդորը. ըստ որի.
«Եգիպտոսում գտնվող և իրենց հանգիստը Եգիպտոսում անցկացնել ծրագրող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում»:
«Ֆեմիլի տուր» տուրիստական գործակալություն տուրօպերատորն ասաց, որ այս պահին փաթեթների պատվերներ ընդունում են, սակայն վաճառք չեն իրականացնում, սպասման մեջ են:
Հիշեցնենք, որ Երևանից Եգիպտոս կանոնավոր չվերթներ չեն իրականացվում:
Նախորդող լուր՝
Եգիպտոս մեկնելու տոմսերը վերադարձնում են
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան