Խաչատրյանի միջազգային փառատոնը Հայաստանում կհյուրընկալի հանրաճանաչ երաժիշտների
Դեկտեմբերի 14-ից 20-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում կանցկացնի Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի շրջանակներում Հայաստանում հանդես կգան անվանի երաժիշտներ:
Փառատոնի, նվագախմբի հետագա անելիքների մասին Panorama.am-ը զրուցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։
Panorama.am - Պարոն Սմբատյան, փառատոնը հասցրել է դառնալ միջազգայնորեն ճանաչված և սպասված երաժշտական միջոցառում։ Ինչո՞վ է խաչատրյանական փառատոնն առանձնանում։
Սերգեյ Սմբատյան - Ճիշտ եք ասում՝ սպասված տոն է, սպասված միջոցառում։ Իրականում ես չեմ պատկերացնում Հայաստան, որը չունենա Արամ Խաչատրյանի անունը կրող միջազգային փառատոն։ Ես հպարտ եմ, որ մեր նվագախումբն այն ստեղծեց։ Միջազգային հաջողությունները ցույց են տալիս, որ իսկապես լավ աշխատանք ենք կատարել։ Այս տարիների ընթացքում ներկայացված ծրագրերն ու ճանաչված արտիստների մասնակցությունը փառատոնին, խոսում է այդ կարևոր միջոցառման հեղինակության, ունեցած հաջողությունների մասին։
Խաչատրյանի փառատոնի մասնակիցներից են եղել հանրաճանաչ լեգենդար դերասան Ջոն Մալկովիչը, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, ջութակահար Մաքսիմ Վենգերովը, այլ ճանաչված արտիստներ, որոնք արդեն սիրում են Հայաստանն ու նվագախումբը։ Նաև սրանով է առանձնանում փառատոնը, որ արտիստները գալիս են մեր երկիր ու ցանկանում են նորից գալ, նոր գործեր ներկայացնել հայ հանդիսատեսին։
Panorama.am - Այս տարի փառատոնը կրում է «Երեք ընկեր. Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը։ Երեք կոմպոզիտորների արվեստում ընդհանուր բան տեսնու՞մ եք։
Սերգեյ Սմբատյան- Արամ Խաչատրյանը միշտ ցանկացել է, որ իր ընկերների՝ Պրոկոֆևի, Շոստակովիչի ստեղծագործությունները հնչեն Հայաստանում, մարդիկ ճանաչեն նրանց երաժշտությունը։ Նա այդ մասին բազմիցս ասել է։ Կարծում եմ, որ այս խորագիրը հետաքրքիր է, քանի որ խորհրդանշում է Սովետական Միության այն շրջանը, երբ երեք ընկեր ապրել են նույն ժամանակահատվածում, նույն քաղաքում և գրել են բացառիկ, հանճարեղ երաժշտություն, որը ճանաչված է աշխարհում։
Ինչ վերաբերում է նրանց արվեստում ընդհանուր գծին, ապա, ըստ իս, ընդհանուր գիծ չկա, նրանց կապում է ընկերությունը, նույն ժամանակահատվածում ապրելն ու ստեղծագործելը։
Panorama.am - Ամեն տարի անցկացվող փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ունկնդրելու համաշխարհային հեղինակություն վայելող երաժիշտների կատարումները: Այս տարի ի՞նչ նորություններ են սպասվում երաժշտասերներին։
Սերգեյ Սմբատյան - Փառատոնին կմասնակցեն ֆանտաստիկ մենակատարներ, դաշնակահար Վալենտինա Լիսիցան, որը հայտնի է ամբողջ աշխարհում, մեկ այլ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, որը սիրված երաժիշտ է Հայաստանում, ջութակահար Նիկիտա Բորիսոգլեբսկին։
Այս երաժիշտներին սիրում են, նրանց սպասում են այստեղ։
Այս անգամ կհնչեն Չայկովսկու դաշնամուրային թիվ 1 և թիվ 2 կոնցերտները, 12-րդ սիմֆոնիան, Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, 7-րդ սիմֆոնիան, Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, 2-րդ սիմֆոնիան՝ «Զանգով սիմֆոնիա»։
Մենք փառատոնի քիմիան փոխել ենք։ Ես գտնում եմ, որ փառատոնի շրջանակներում միայն Արամ Խաչատրյանի գործերը չպետք է հնչեն։ Թեև մենք նրանից շատ հարուստ ժառանգություն ենք ստացել, բայց ես կարծում եմ՝ նրա նման մեծությունը չէր ընդունի, որ միայն իր ստեղծագործությունները հնչեին։
Panorama.am - Փառատոնի շրջանակում ամեն տարի ներկայացվում է նաև Խաչատրյան ջազ համերգային ծրագիրը: Այս տարի այդ ծրագրում նոր մշակումներ կլսե՞նք։
Սերգեյ Սմբատյան - Իհարկե, ունենք նոր մշակումներ։ Կարծում եմ, որ շատ հետաքրքիր է լինելու և հանդիսատեսը կգնահատի դա։
Panorama.am - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ակտիվ գործունեություն է ծավալում։ Ինչի՞ շնորհիվ է հնարավոր դառնում ստեղծել այդքան նոր գաղափարներ։
Սերգեյ Սմբատյան - Անկեղծ պետք է ասեմ՝ գաղտնիքը չեմ իմանում, բայց կարծում եմ առաջին հերթին նոր գաղափարներ ստեղծվում են, երբ հավատում ես երաժշտությանը։ Մեր նվագախումբը՝ տաղանդավոր, բարդ, ամբիցիոզ, երիտասարդ, շատ հստակ տեսլական ունեցող թիմ է։ Ես շնորհակալ եմ նվագախմբի երաժիշտներին, նաև հանդիսատեսին, որ գնահատելով դա մեզ մղում է հաջորդ նախագծի ստեղծմանը։ Այդ ամենը ստացվում է ոչ միայն ամենօրյա համառ աշխատանքի, այլ նաև նվիրվածության շնորհիվ։
Մեր հաջողությանը նաև նրանում է, որ ստեղծում ենք արվեստի գործեր, որոնք Հայաստանում ընդունվում են, զգում են դրա կարևորությունը։ Մենք շնորհակալ ենք այդ վերաբերմունքի համար, դա մեզ պարտավորեցնում է ավելի համարձակ, միջազգային չափանիշներին համապատասխանող նախագծեր իրականացնել։
Panorama.am - Նվագախումբը գրեթե ամբողջ տարին մշտապես հյուրախաղերով հանդես է գալիս արտերկրում: Ձեր արտասահմանյան գրեթե բոլոր ելույթներում ներկայացնում եք նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Առաջիկայում նվագախմբին աշխարհի ո՞ր ծայրում հնարավոր կլինի ունկնդրել։
Սերգեյ Սմբատյան - Համավարակի ընթացքում բոլոր այն հրավերները, որոնք ունեինք, մենք կարողացանք տեղափոխել, այլ ոչ թե չեղարկել, ուստի 2022 թվականը լինելու է բավականին խիտ և հագեցած տարի։ Միանշանակ է՝ բոլոր համերգների ժամանակ կհնչեն նաև հայ կոմպոզիտորների գործեր։
Մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն էր, որ 2020 թվականի հունվարին ունեցանք 8 համերգ Եվրոպայի լավագույն համերգասրահներում։ Եվրոպացի ունկնդրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը», որը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն ստեղծագործություններից է։
Մինչ օրս մենք ստանում ենք այդ արձագանքները, մարդիկ տեսնում են, որ մենք ունենք սիմֆոնիկ երաժշտություն, որը մերն է, ինչը մեզ ոգևորում է։ Միշտ պետք է ներկայացնենք հայ կամպոզիտորների գործերը, քանի որ դրանք հետաքրքիր են, արտերկրի հանդիսատեսի համար նոր են, հարուստ են ու ինքնատիպ։
Panorama.am - Ըստ Ձեզ՝ ի՞նչ է ցանկանում լսել հայաստանյան ունկնդիրը։
Սերգեյ Սմբատյան - Ունկնդիրը հիմնականում ցանկանում է լսել հայկական դասական երաժշտություն, իհարկե նաև այն, ինչը մատչելի է։ Մենք փորձում ենք ներկայացնել հետաքրքիր նախագծեր, որոնք հնարավորություն են տալիս, որ ավելի մեծ թվով երիտասարդներ ցանկանան լսել և գնահատել սիմֆոնիկ երաժշտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան