Երկու ամսում Գորիս-Կապան ճանապարհից ադրբեջանական բյուջե է մուտքագրվել մոտ 1,1 մլն դոլար
Հայաստանի Սյունիքի մարզով անցնող Գորիս-Կապան ճանապարհի անցակետերում ադրբեջանական մաքսավորները երկու ամսվա ընթացքում հավաքել են 2 մլն մանաթ (մոտ 1,1 մլն դոլար)։ «Ռեգնումի» փոխանցմամբ, այդ մասին ասել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Սաֆար Մեհդիևը։
Թշնամական Ադրբեջանը մտել է ՀՀ տարածք, ապօրինաբար ու ՀՀ իշխանությունների լուռ կեցվածքի տակ անցակետ դրել, գումար է որպես «տուրք» գանձում, լցնում իր արյունոտ բյուջեն ու լկտիաբար հաշվետվություն ներկայացնում։
Ավելին՝ դեռ օգոստոսի 25-ին Ադրբեջանը փակում էր ՀՀ տարածքով անցնող, ՀՀ տարածքում ամբողջությամբ գտնվող Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, որտեղից հետո տրանսպորտային միջոցները տարհանվում են ՌԴ սահմանապահ ծառայողների բանակցությունների միջոցով։
ՀՀ տարածքում թշնամական երկիրը անցակետ է դնում, փակում է՝ երբ ուզում է, և բացում է երրորդ երկրի բանակցությունների արդյունքում։
«Իսկ հիմա պատկերացրեք, ինչ ա լինելու կոմունիկացիաների բացումից հետո».-զգուշացնում էր ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
«Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե ինչ պետք է անել ու հրատապ անել. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:
Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ»,-դեռ ամիսներ առաջ զգուշացրել էր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Որոտանի, Շուռնուխի և Բարձրավանի բնակիչների խնդիրները՝ Գորիս-Կապան ճանապարհը փակվելուց հետո
- Արման Թաթոյանը հրապարակել է Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների փաստահավաք տվյալները
- Մեր քաղաքացիները մեր իսկ տարածքում ծուղակի մեջ են մնում ցանկացած պահի, երբ դա կուզեն ադրբեջանցիները. Էլիբեգովա