«Իկրայի գործով» Փաշինյանի թիկնազորի նախկին պետին այսօր բերման են ենթարկելու դատարան
«Իկրայի գործով» այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայր (դատական նիստերի 7-րդ դահլիճ) բերման են ենթարկելու Նիկոլ Փաշինյանի թիկնազորի նախկին պետին։
«Դատարանն ապացույցների հետազոտման փուլում է, Նիկոլ Փաշինյանի թիկնազորի նախկին պետն անընդհատ հրաժարվում էր դատարան գալ, գրավոր դիմել էր դատարանին՝ առաջարկելով իրեն չանհանգստացնել, բայց դատարանը կայացրեց բերման ենթարկելու մասին որոշում։ Հույս ունենք, որ այսօր այդ անձը դատարան ներկայացվելու է, նրա ցուցմունքներն ենք լսելու»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա չի ցանկանում քննարկման առարկա համարել այն տարբերակը, որ թիկնազորի պետը կարող է չներկայանալ։
«Ունենք դատարանի որոշում, խոսքը չի վերաբերում այդ անձի նկատմամբ քրեական հետապնդմանը, խոսքը դատարանի նկատմամբ հարգանք դրսևորելու մասին է»,- նշեց նա։
Հարցին, արդյոք դատարանի վրա կա՞ ճնշում, գործին կա՞ միջամտություն, Մելիքյանը պատասխանեց, քանի որ վարույթի փուլում է գործը, էթիկայից դուրս է համարում հարցին պատասխանելը։
«Մենք ակնկալում ենք, որ կունենանք իրավաչափ ու արդարացի դատավճիռ»,- ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ քրեական գործով որպես ամբաստանյալ անցնում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա գիտակցելով տրվող հաղորդմամբ իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն»։ Դատավորը Արտուշ Գաբրիելյանն է։
Նարեկ Սամսոնյանը 2020 թվականի հունվարի 26-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր՝ վարչապետ դառնալուց հետո շատ-շատ ա հավանել սև իկռան: Ու դե քանի որ մեր վարչապետն էլ ալամ աշխարհի գերագույն գլխավոր խմբագիրն ա, երեխու խաթրը չի կարողանում կոտրել ու տենց երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում»:
Սրա վերաբերյալ նաև քաղաքացիական գործ կա, որից բխեց նաև կարգապահական վարույթը դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ։ Նրան հայտարարվեց խիստ նկատողություն այդ գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը և նրա ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դիմել են դատարան զրպարտություն համարվող տեղեկություններն հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահանջով։Հայցն այս տարվա հունիսին մերժվել է։Շուշան Փաշինյանը դիմել է վերաքննիչ դատարան, հայցը բավարարվել է, գործն ուղարկվել է ստորադաս դատարան նոր քննության։ ԱԴրանից հետո դեկտեմբերի 2-ին Նարեկ Սամսոնյանն է դիմել Վճռաբեկ դատարան գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման
- Դեկտեմբերի 13-ին Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը գործադուլ կանի՝ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի
- Բազմաթիվ փաստաբաններ միացել են ի պաշտպանություն դատավոր Նախշքարյանի ակցիային
- «Զարուհի Նախշքարյանին ԱՆ-ն մեղադրում է, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող գործի շրջանակում ինքնաբացարկ չի հայտնել»
- Արվեստի գործ է․ իրավապաշտպանը՝ «Իկրայի գործի» մասին
- Մեկնարկում է «Իկրայի գործով» դատավարությունը. Սամսոնյան
- Դատավոր Նախշքարյան. Ինձ վիրավորում է, երբ ասում են՝ ես տեր եմ ման գալիս և վնգստում եմ դռների տակ