Մտավախություն ունեմ՝ «3+2» ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել, ստվերել համանախագահների ֆորմատը. Արա Այվազյան
«Բոլոր ժամանակներում եղել է ձգտում, առնվազն Հայաստանի կողմից, առանց նախապայմանների երկխոսություն ծավալել Թուրքիայի հետ, որը որոշ ընթացք ունեցել է, բայց բավական երկար ժամանակ որևէ երկխոսություն չկար Թուրքիայի հետ»,- ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը:
Նա նշեց, որ երեկ հայտարարվել էր՝ և Հայաստանը, և Թուրքիան պայմանավորվել են հատուկ ներկայացուցիչ նշանակել երկխոսության ծավալման համար և հիշեց հայտնի դասական կինոֆիլմը՝ բարեկամների հետ մոտիկ եղիր, բայց թշնամիների հետ ավելի սերտ։
«Անշուշտ, պետք է տարբերակել նորմալ պայմանները և այսօրվա իրավիճակը, հատկապես Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը վերջին պատերազմի մեջ և հնչեցվող նոր նախապայմանները Հայաստանի նկատմամբ։ Բնականաբար, շատ կարևոր է, որպեսզի ԱԳՆ-ում մեր գործընկերները շատ լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները։
Այսօր ուշադրություն դարձրի, որ Հայաստանի ԱԳՆ խոսնակը ասել էր՝ առանց որևէ նախապայմանների են բանակցությունները, բայց, մյուս կողմից տեսնում ենք, որ մեկնարկ տրվեց «3+2» գործընթացին, հույսով եմ, որ մեր դիվանագետները շատ լավ հաշվարկում են այս մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ այս ֆորմատի հետագա աշխատանքի հետ կապված»,- ասաց Ա. Այվազյանը:
Նախկին նախարարը նշեց, որ երբ պաշտոնի էր, ասում էր՝ «ժամանակն անցել է լսել խոսքերը, սպասում ենք պաշտոնական Անկարայից դրական քայլերի»:
«Ցավոք սրտի, մենք ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ շարունակական պահանջներ և ոչ բարիդրացիական հարաբերություններին բնորոշ քայլեր Թուրքիայի կողմից: Դրա համար բավական տարակուսած եմ և կասկած ունեմ, թե ինչ նպատակ է հետապնդում այս 3+2 ֆորմատը»,- ասաց Արա Այվազյանը:
Հարցին՝ 3+2 ֆորմատը կարո՞ղ է խանգարել արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, Մինսկի խմբի աշխատանքին, նա նշեց. «Պաշտոնապես հայտարավում է, որ «3+2» ֆորմատը չպետք է կրկնի այն գործառույթները, որոնք տեղի են ունենում այլ ֆորմատների շրջանակում, բայց մեզ քաջ հայտնի է և Անկարայի, և Բաքվի հայտարարությունները, նպատակները:
Մտավախություն ունեմ, որ այս ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել, ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը: Վստահ եմ, որ մեր գործընկերները դա լավ հաշվարկում են»:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա աշխատանքներին, Ա.Այվազյանն ասաց. «Եթե հետևել եք Մինսկի խմբի հայտարարություններին սկսած անցած տարվա դեկտեմբերից, տեսնում ենք, որ համանախագահներն ասում են՝ Ղարաբաղյան հիմնահարցը փակված չէ, ի տարբերություն պաշտոնական Բաքվի և Անկարայի կողմից հնչեցվող հարցերին։
Այսօր Մինսկի խմբի համանախագահները շեշտը դնում են նախ և առաջ հումանիտար հարցերի լուծման վրա: Այս վերջին հայտարարության մեջ նոր էլեմենտ ի հայտ եկավ դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ կապված, և վերջին մասում է հիշատակվում Ղարաբաղի հիմնահարցի լուծման վերաբերյալ հայտնի սկզբունքների և տարրերի մասին։ Վստահ եմ, որ մեր դիվանագիտությունը կշարունակի իր կոնստրուկտիվ ներգրավվածությունը, և ինչ-որ պահի համանախագահները կկարողանան այցելել տարածաշրջան, որովհետև այսօր իրենք խնդիր ունեն ապացուցելու իրենց կենսունակությունը»։
Հարցին՝ ՌԴ-ն ո՞ր ձևաչափով է շահագրգռված Ղարաբաղյան հարցի կարգավորմանը հասնել, Արա Այվազյանը պատասխանեց, որ պաշտոնական Ռուսաստանը մշտապես հայտարարել է՝ Մինսկի խմբի ֆորմատն է զբաղվում հակամարտության վերջնական կարգավորման հարցով և նշում, որ զուգահեռ պետք է ստեղծել տարածաշրջանային մթնոլորտ, որը կնվազեցնի ապակայունացնող միտումները:
ԱԳ նախկին նախարարը հուսով է, որ այդպես էլ կլինի:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. ՀՀ իշխանությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում թուլացել ու հաճույք են ստանում
- ԱԳՆ խոսնակ. Դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը
- Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին
- Անկարան և Երևանը կբացեն չարտերային ավիահաղորդակցությունը. Չավուշօղլու
- 3+?-ը՝ Մոսկվայում
- «3+3» ձևաչափն արդեն ստեղծել է խնդիրներ. Տիգրան Աբրահամյան
- «3+3» ձևաչափով առաջին նիստը տեղի կունենա վաղը Մոսկվայում