Կառավարությունը գործում է միջազգային պարտավորություններին հակառակ
Դեկտեմբերի 10-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» և Երևանում Բրիտանական դեսպանատան կողմից «Համախմբվելով հանուն կանաչ էներգիայի» խորագիրով համաժողովին և իր ելույթում մասնավորապես ասել էր. «2021թվականին Հայաստանի կառավարությունը հաստատել է Փարիզյան համաձայնագրի ներքո 2021-2030թթ. համար Ազգային մակարդակով սահմանված գործողությունները: Ըստ այդմ՝ նախատեսվում է մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել 40%-ով՝ 1990թ. մակարդակի համեմատ»։
Վերոհիշյալ արտահայտության և ընդհանրապես կլիմայի գլոբալ փոփոխության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների ֆինանսական մեխանիզմների մասին Panorama.am-ը զրուցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Հայաստանի նախկին ազգային համակարգող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանի հետ:
Հարցին, թե մինչև 2030 թվականը 1990թ.-ի մակարդակի համեմատ ջերմոցային գազերի արտանետումները 40%-ով նվազեցնելու մասին գործադիրի հայտարարությունն արդյո՞ք հաղթահարելի նշաձող է՝ Գաբիրելյանը պատասխանեց. «Հարցադրումը զավեշտալի է, քանի որ ՀՀ կառավարության այդ հանձնառությունը իրականում նշանակում է հետևողականորեն ավելացնել արտանետումները և ներկայիս տարեկան 10 միլիոն տոննայի փոխարեն 2030թ․-ին այն հասցնել 15 միլիոն տոննայի, այսինքն՝ 50%-ով ավելի։ Պարզության համար տեղեկացնեմ, որ 1990թ․-ին ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում կազմել են 25 միլիոն տոննա։ Այստեղից էլ «40%-ով՝ 1990թ. մակարդակի համեմատ արտանետումների նվազեցումը», որը հրամցվում է որպես հավակնություն, իրականում նշանակում է, կրկնեմ, այսօր առկա տարեկան 10 միլիոն տոննա ջերմոցային գազերի արտանետումն ավելացնել՝ հասցնելով 15 միլիոն տոննայի, այն դեպքում, երբ ճիշտ հակառակ խնդիրն է դրված։ «Նշաձողը» ուրիշ տեղ է։ Կառավարությունը հանձն է առել, որ 2050թ․-ի բնակչության մեկ շնչի հաշվով արտանետումները չեն գերազանցելու 2.07 տոննան։ Հարց է առաջանում, 2030թ․-ից հետո ե՞րբ ու ինչի հաշվին է սկսելու նվազեցվել արտանետումները, որպեսզի 2050թ․ն այն հասցվի չեզոք՝ մեկ շնչի հաշվով 2.07 տոննայի»։
Panorama.am-ի դիտարկմանը, որ որպես նման միջոց գործադիրը հայտարարել է, որ մինչև 2050 թ. պարտավորվում է ՀՀ անտառապատ տարածքները գրեթե կրկնակի ավելացնել՝ հասցնելով մինչև ՀՀ տարածքի 20.1%-ի և հարցին, թե հնարավոր է այն կյանքի կոչել՝ Արամ Գաբրիելյանն ասաց. «20.1% Հայաստանի Հանրապետության տարածքի օպտիմալ անտառապատվածության թիվն է։ Այն ամրագրված է վերը նշված «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրում» (INDC) փաստաթղթում և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառությունը։ Ըստ ՀՀ կառավարության 22 ապրիլի 2021 թվականի N 610-Լ որոշման՝ նախատեսվում է մինչև 2030թ․ անտառապատել (նոր անտառներ հիմնել) 50 հազար հեկտարի վրա։
2050թ.-ին 20.1% օպտիմալ անտառապատվածությանը 35 տարում հասնելը միանգամայն իրատեսական էր ու հնարավոր, սակայն դա իրականություն դարձնելու «հավանականությունը» չեմ կարող գնահատել, նկատի ունենալով, որ 2015թ.-ին այդ հանձնառությունը հայտարարելուց հետո անցել է 6 տարի, սակայն այդ ուղղությամբ, այսինքն 265 հազար հեկտար նոր անտառներ հիմնելու ջանքեր չեմ նկատել։ Կարևոր եմ համարում նշել, որ անտառապատման ենթակա տարածքների միայն 30-35 %-ն են պետական անտառային ֆոնդի հողերը, մնացածը՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողեր են»։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի նախկին ազգային համակարգողը, գնահատելով կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման առումով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ֆինանսական ռիսկերը, ասաց, որ դրանք շատ բարձր են:
Նրա խոսքով՝ վերջերս հաստատած «Ազգային հարմարվողականության պլանով» (NAP) ներքին (Հայաստանի բյուջեից) ֆինանսավորում չի նախատեսված, այլ միայն արտաքին ֆինանսավորում է նախատեսած, որոնք կարող են տրամադրվել այդ բնագավառում գործող ֆոնդերից՝ (Օրինակ, Կանաչ կլիմայական հիմնադրամ, Հարմարվողականության հիմնադրամ և այլն)։
Ըստ Գաբրիելյանի՝ միայն արտաքին ֆինանսավարումը, անբավարար է կլիմայի փոփոխությանը հարմարվելու (ադապտացվելու) համար և ներքին ֆինանսավորումն անհրաժեշտ է նաև այն պատճառով, որ արտաքին ֆինանսավորումը սովորաբար տրամադրվում է որպես համաֆինանսավորում։
Բանախոսը նկատեց, որ իր դիտարկումը վերաբերում է նաև կլիմայի փոփոխության մեղմման նախագծերի ֆինանսավորմանը։
Հայաստանի համար կայուն ֆինանսավորման մեխանիզմների մասին հարցին՝ Արամ Գաբրիելյանը պատասխանեց. «Կայուն ֆինանսական մեխանիզմների տարբերակ սահմանվել է Հայաստանի «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրում» (INDC) փաստաթղթով, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից 2015թ․-ին ու ներկայացվել «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմ հանդիսացող երկրներին՝ Փարիզյան համաձայնագրի ընդունման նախօրյակին որպես Հայաստանի պաշտոնական հանձնառություն։ Ըստ այդ փաստաթղթի Հայաստանում պետք է ատեղծվի երկու բաղադրիչներից կազմված ֆինանսական գործիք՝ «Կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի» ձևաչափով, որի կապիտալիզացիան ապահովվելու է բնավճարներից (բնապահպանական ու բնօգտագործման), ինչպես նաև այսպես կոչված «ածխածնային բնավճարից» (Carbon taxsing): Երկրորդ բաղադրիչը հանդիսանալու է միջազգային ֆինանսավորումը, որը տրամադրվելու է հավելյալության (համաֆինանսավորման) տեսքով։ Ներկայացված գործիքը կապահովի կայուն ու մշտատև աճող ֆինանսավորումը ինչպես հարմարվողականության, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմման Հայաստանի հանձնառությունների կատարումը ու միաժամանակ՝ սոցիալ-տնտեսական զարգացումը։ Դժբախտաբար ՀՀ կառավարությունը չի շտապում այդ մեխանիզմը գործադրել, որը նախատեսված էր դեռ 2016թ․-ին»։
Panorama.am-ը գիտությունների թեկնածուից հետաքրքրվեց նաև Կանաչ պարտատոմսերի թողարկման հեռանկարի մասին՝ բնապահպանական խնդիրների, մասնավորապես՝ գլոբալ կլիմայական փոխություններին դիմակայելու և հարմարվողականության համատեքստում, ինչպես նաև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից:
Արամ Գաբրիելյանը պատասխանեց, որ կանաչ պարտատոմսերի թողարկումը ունի հեռանկար, հատկապես որպես վերը նշված ֆինանսական մեխանիզմի հնարավոր բաղադրիչ։
«Այն փաստորեն բնապահպանությանը նպատակաուղղված փոխառության տարբերակ է։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ այն պարունակում է չարաշահումների ռիսկեր, հատկապես եթե դա չի ուղեկցվում հստակ, հուսալի ու թափանցիկ «Չափման, հաշվետվայնության ու հավաստագրման» (ՉՀՀ-MRV) համակարգով։ Այստեղ չեմ կարող զարմանքով չնշել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը սկզբունքորեն դեմ է նույն այդ վերահսկման մեխանիզմի՝ ազգային MRV համակարգի ստեղծմանը»,-պատասխանեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Հայաստանի նախկին ազգային համակարգողը։
Զրուցեց Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում