Նոյեմբեր ամսվա վերջում գնաճը կազմել է 9.6%. Մարտին Գալստյան
«Հայաստանի Հանրապետության տնտեսության ընթացիկ զարգացման համաձայն՝ տնտեսական ակտիվությունը գնահատվում է սպասվածից ավելի ցածր, հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճի դանդաղմամբ»,- հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և հավելեց, որ պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են, որին նպաստում է արտաքին պահանջարկի ազդեցությունը։
Գալստյանը հայտնեց, որ 2021թ. նոյեմբերին արձանագրվել է 1.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և ամսվա վերջին կազմել 9.6%:
Նրա խոսքով՝ 12-ամսյա բնականոն գնաճը ևս՝ նախորդ ամիսների կայուն վարքագծից հետո նոյեմբերին ավելացել է՝ կազմելով 8.4%։
«Ձևավորված բարձր գնաճային սպասումների մեղմման և գնաճի թիրախի ապահովման նպատակով գործընկեր երկրների ԿԲ-ները շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները: Այս պարագայում, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության ավելացում»,- ասաց ԿԲ նախագահը:
Ըստ Գալստյանի՝ արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների և պահանջարկի դրական միջավայրի պայմաններում գնահատվում է եռամսյակային բնականոն գնաճի և հասարակության գնաճային սպասումների՝ վերջին շրջանի կայունությունից հետո որոշակի արագացում:
«Հաշվի առնելով արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների էական ավելացումը, ինչպես նաև գնաճային սպասումների գնահատվող զարգացումները՝ Խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,- հայտնեց բանախոսը և հավելեց՝ նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կմոտենա նպատակային 4% ցուցանիշին ու կկայունանա դրա շուրջ:
Գալստյանի խոսքով՝ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում վերևի ուղղությամբ են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը: