Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար. Պաշտպաններ
Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել մեծ թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում առավելագույն ձայներ է ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12814 ընտրող (ավագանու մանդատների 45%): Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում, բնականաբար, համայնքի ղեկավարի պաշտոնում պետք է ընտրվեր դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը։
Այսօր, սակայն, ընտրություններում 1313 ձայն հավաքած, ընտրական շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան, բողոքարկելով ավագանու մանդատների բախշման մասին Ընտրական հանձնաժողովի որոշումը։ Մինչ այդ իրականացված վերահաշվարկի արդյունքներն արդեն վկայում են այն մասին, որ ներկայացված հայցը չունի որևէ իրավական հեռանկար։ Հայցի միակ արդյունքը ավագանու նիստը մեկ շաբաթ ժամանակով հետաձգել է։
Տարօրինակ զուգադիպությամբ, կրկին այսօր, ձերբակալվել է Մամիկոն Ասլանյանը։
ՀՀ Քննչական կոմիտեում Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան։
Առաջադրված մեղադրանքի բովանդակությանը ծանոթանալուց հետո, ակնհայտ դարձավ, որ իրականում Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Համայնքի ղեկավարի լիազորություններից բխող այն պարտականությունների իրականացումը, որոնք ներկայացված են իբրև մեղադրանք, որևէ աղերս չունեն որևէ հանցակազմի հետ։
Իշխանության կամքին հակառակ, սակայն ժողովրդի կամոք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ տարած հերթական անձի ձերբակալումը անթաքույց քաղաքական հետապնդում է։
Հ.Գ. Անազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանն իր հերթին խնդրեց փոխանցել իր կողմնակիցներին պահպանել հանգստություն, ինքը հաստատակամ է, վստահ է, որ վանաձորցուն ճնշելն անհնար է, ընտրողի վստահության քվեն չի փոշիանալու և իրացվելու է Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչների կամքին համապատասխան, «ղոչաղ կացե՛ք»»։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային իրավապաշտպան կառույցները և դեսպանատները կարո՞ղ է փակվել են, տեղյակ չենք․ Բաբկեն Հարությունյան
- Վանաձոր համայնքի բնակիչների կամքը սակարկման ենթակա չի կարող լինել․ Արթուր Վանեցյան
- Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը հստակ քաղաքական բնույթ է կրում․ Արթուր Վանեցյան
- Որ հոդվածներով է մեղադրվում ձերբակալված Մամիկոն Ասլանյանը
- Իշխանությունը իր ձեռագրին համահունչ՝ ապօրինի կձերբակալի Մամիկոն Ասլանյանին․ Արսեն Բաբայան
- Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան