Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը հստակ քաղաքական բնույթ է կրում․ Արթուր Վանեցյան
Ժողովրդի կամքը հնարավոր չէ զսպել ուժի կիրառմամբ։ Այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ։
Նրա համոզմամբ՝ Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը հստակ քաղաքական բնույթ է կրում և որևէ այլ նպատակ չկա։
«Թույլատրելիի չափով ծանոթացա քրեական գործի նյութերին և որևէ հիմնավորում, որով հնարավոր է մարդուն մեղադրանք առաջադրել և զրկել ազատությունից ուղղակի չկա։ Մենք տեսանք, որ իշխող ուժը՝ ՔՊ կուսակցությունը, բոլոր այն համայնքներում, որտեղ ունեցել է պարտություն, ռեպրեսիվ մեթոդներով փորձում է այնպես անել, որպեսզի քաղաքապետեր կամ համայնքապետեր ընտրվեն բացառապես իրենց կամ իրենց սպասարկող կուսակցության ներկայացուցիչներ։ Ես Ձեզ հավաստիացնում եմ ՝ հնարավոր չէ բիրտ ուժով ապօրինի միջոցներով այդ գործը հասցնել ավարտին»,- ասաց Վանեցյանը։
Արթուր Վանեցյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 17-ին նախատեսված էր ավագանու նիստը, որտեղ պետք է ընտրվեր նոր քաղաքապետը։
«Այսօր մենք տեղեկացանք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է դատարան և պահանջում է վերահաշվարկ ՝ ընտրությունների արդյունքների ինչ-որ մի հարցով բողոքարկում։ Չեմ կարծում, որ դա պատահականություն է։Ուղղակի իշխանություններին ժամանակ է պետք ձգելու, որպեսզի Մամիկոն Ասլանյանի դեմ կիրառեն այս պատժամիջոցները։ «Լուսավոր Հայաստան»-ի դատարան դիմելու հարցը ձևական բնույթ է կրում»,- ավելացրեց քաղաքական գործիչը։
Վանեցյանը նաև խորհուրդ տվեց ՔՊ-ին ՝ համակերպվելու, որ քաղաքական պայքարում կրելու են պարտություններ և հայ ժողովուրդը ձևավորելու է այնպիսի իշխանությունը, որը գործելու է բացառապես ՀՀ շահերից։
Դիմելով վանաձորցիներին Վանեցյանն ասաց․ «Մենք տեր ենք կանգնելու իրենց տված քվեին և ժողովուրդն ունենալու է իր ընտրած քաղաքապետն ու գյուղապետը»։
Նշենք, որ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում։ Նրան ձերբակալել են։
Հարակից հրապարակումներ`
- Որ հոդվածներով է մեղադրվում ձերբակալված Մամիկոն Ասլանյանը
- Իշխանությունը իր ձեռագրին համահունչ՝ ապօրինի կձերբակալի Մամիկոն Ասլանյանին․ Արսեն Բաբայան
- Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է