Շառլ Միշել. Հայաստանի ու Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների վերականգնումը պետք է իրականացվի՝ հարգելով բոլոր երկրների սուվերենությունը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո ԵԽ-ն տարածել է հայտարարություն։ Նշվում է, որ երեք ղեկավարների հանդիպման հիմնական նպատակը Հարավային Կովկասում անվտանգության, կայունության, բարգավաճման ստեղծումն է, ինչն ի նպաստ կծառայի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց։
Հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևն ընդգծել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունների առանցքային պարտավորությունները կատարվում են, իսկ այս տարվա նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ամրապնդվեն։ Շառլ Միշելը բարձր է գնահատել երկու երկրների ղեկավարների կողմից ձեռնարկած քայլերը տարածաշրջանում դեէսկալացիայի համար՝ վերջերս Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին զինված բախումներից հետո, նշել է, որ մասնավորապես իր աջակցությամբ ստեղծվել է ուղիղ կապ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև։
«Այդ մեխանիզմը կարող է ծառայել հետագա միջադեպերը կանխելու համար, դրական ազդեցություն ունենալ լարվածության նվազման համար»,-ասել է նա։
ԵԽ նախագահը շեշտել է մարդասիրական խնդիրների լուծման կարևորությունը, ողջունել է վերջերս Ադրբեջանի կողմից տասը ձերբակալված հայերի ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից ականապատ բոլոր քարտեզների հանձնումը։
Նա կոչ է արել լիարժեք և արագ կերպով լուծել հումանիտար բոլոր խնդիրները ՝ կալանավորներին ազատ արձակել, անդրադառնալ անհայտ կորածների ճակատագրին, միաժամանակ գիտակցելով, որ երկու կողմերի մարդասիրական ժեստերը նպաստում են վստահության և խաղաղության առաջընթացին նպաստող միջավայրի ստեղծմանն ու հաշտեցմանը։
Նշվում է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել ականազերծման ջանքերին, այդ թվում՝ տրամադրելով փորձագիտական խորհրդատվություն և օգնություն հակամարտությունից տուժած բնակչությանը։ ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին։
Հանդիպմանը քննարկվել է ԵՄ-ի և երկու երկրների միջև առկա և հեռանկարային առևտրատնտեսական գործընկերությունը, ինչպես նաև ԵՄ-ի մտադրությունը՝ տնտեսական խորհրդատվական հարթակ գործարկելու վերաբերյալ։
Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են, որ սահմազատման ու սահմանագծման աշխատանքների շուրջ բանակցությունների մեկնարկի համատեքստում պետք է իրականացվեն այլ քայլեր լարվածության նվազեցման ու բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման համար։ ԵԽ նախագահը կոչ է արել Բաքվին ու Երևանին ակտիվ աշխատել լարվածության թոթափման ուղղությամբ։
Եվրոպացի դիվանագետն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը՝ հարգելով բոլոր երկրների սուվերենությունը։
Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել երկաթուղային գծերի վերականգնումը՝ փոխադարձության սկզբունքով սահմանային և մաքսային հսկողության համապատասխան պայմանավորվածությունների համաձայն։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել հաղորդակցության ուղիների զարգացմանը՝ իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան:
Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է նպաստել այս գործընթացին: Ղեկավարները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և մնալ ներգրավված պրոցեսին։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը
- Փաշինյանը և Շառլ Միշելն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին
- Բրյուսելյան հանդիպման ադրբեջանական տարբերակը
- Պուտինն ու Մակրոնը հուսով են՝ Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան հանդիպումը օգտակար կլինի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան