Սահմանազատում ու սահմանագծում նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սեյրան Օհանյան
«Երբևիցե անակնկալ չի եղել այս իշխանության գործողությունները, հասկանալի էր, որ նրանք կարող են բոյկոտել նիստը, որովհետև նմանատիպ միջոցառումների իրականացումը անրհաժեշտություն է Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում»,- խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ ներքին և արտաքին սպառնալիքները և այն իրադարձությունները, որոնք կատարվում են արտաքին քաղաքականության ոլորտում՝ բանակցային գործընթացում ՀՀ սահմաններին և Արցախում, ընդդիմությանը ստիպում են համապատասխան միջոցառումներ կազմակերպել իրավիճակը գնահատելու համար։
Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման գործընթացին՝ Օհանյանն ասաց, որ դրա համար իրական պայմաններ չկան և եթե դրանք մեկ փաթեթով չկապեն Արցախի ինքնորոշման խնդրի հետ, ապա լուրջ վտանգ է սպառնում Արցախին:
«Սահմանազատում ու սահմանագծում նշանակում է խաղաղության պայմանագիր, փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում, այսինքն՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նաև մեծ քար գցել Արցախի ճակատագրի վրա»,- ասաց նա։
Ըստ Օհանյանի՝ որևէ անձ չի կարող ասել, թե որտեղով է անցնում Հայաստանի սահմանը, քանի որ ԽՍՀՄ կազմ մտնելուց հետո դրանք տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխությունների են ենթարկվել ու սահմանազատման ու սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում լուրջ ուսումնասիրություններ են պետք։
Հիշեցնելով, որ Սանասարի և Կովսականի հատվածից զորքերը հետ քաշելու հրաման էր տրված եղել՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարը շեշտեց, որ իշխանությունները գնում են բանավոր պայմանավորվածությունների՝ խախտելով օրենսդրական կետերին հավատարիմ լինելու ընթացակարգերը։
Օհանյանը նկատեց, որ այդ խնդիրների համար էլ խորհրդարանական ընդդիմությունը հրավիրել էր ԱԺ արտահերթ նիստ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին