Հայաստանի պետական սուբյեկտայնության ոչնչացման գաղափարական սուբյեկտակիրները Տեր-Պետրոսյան-Լիպարիտյան զույգն է. Հայկազուն Ալվրացյան
«Արևմտյան Հայաստանը միջազգային իրավունքի տեսանկյունից Թուրքիային չի պատկանում և՛ Վիլսոնի իրավական վճռով, և՛ Սևրի պայմանագրով, իսկ անկախությունից ի վեր լևոնական, լիպարիտական որոշ գործակալներ ասում էին, որ Սևրի պայմանագիրը վաղուց է հնացել»,-ասուլիսում հայտարարեց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրացյանը։
Նրա խոսքով՝ առաջին նախագահի օրոք ասում էին, որ Արևմտյան Հայաստանի գաղափարը հաշիշ է, որով դաշնակցականները կերակրում են ժողովրդին։
«Իսկ Լևոն Տեր-Պետրոյանի կողմից 1994թ-ին ՀՅԴ-ի արգելումը նպատակ ուներ հայության միջից ջնջել ազգային պահանջատիրությունը»,- հայտնեց Ալվրացյանը և նկատեց՝ պատահական չէր, որ Տեր-Պետրոսյանն այդ օրերին ամենշատն էր շփվում թուրք պետական գործիչների և լրագրողների հետ։
Ըստ Ալվրացյանի՝ 2018 թվականին իշխանության բերեցին մի մարդու, որը կատարեց այն ամենը, ինչ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն ի վիճակի չեղավ կատարել մի շարք գործոններով։
«Թուրքիան ասում է, որ Հայաստանը պետք է մեր թելադրանքի դաշտում լինի, այլապես քաղաքական պետական հեռանկար չունի»,- ասաց Ալվրացյանը և շեշտեց, որ այդ տրամաբանության համատեքստում էլ Չավուշօղլուն օրերս հայտարարեց՝ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար պատասխանատուներ են նշանակվելու, և այդ հարցը նրանք համաձայնեցրել են Ադրբեջանի հետ։
Նրա խոսքով՝ երբ պատերազմից հետո բոլոր լծակները հանձնել են թուրքին, և նման գործընթացներ սկսվեցին, անհրաժեշտություն է առաջացել այդ ամենն ի մի բերել և ձևակերպել, որն էլ արեց Ժիրայր Լիպարիտյանը։
«Հայաստանի պետական սուբյեկտայնության ոչնչացման գաղափարական սուբյեկտակիրները Լևոն Տեր-Պետրոսյան-Ժիրայր Լիպարիտյան թևն է»,- հայտարարեց Ալվրացյանը և պնդեց, որ կատարվածը վերջը չէ և այլ ծրագրեր են նախապատրաստվում։
Նկատելով, որ Արցախից մնացած մասը ՌԴ-ի վերահսկողության տակ է՝ բանախոսն ասաց, որ ներկայում նախապատրաստվող ծրագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև է լինելու, որը մեծ ակցիայով է իրականացվելու, ինչի համար էլ նրանք բանակցություներ են իրականացնում։
Նկատելով, որ ադ գործընթացը Ռուսաստանին ձեռնտու չէր, քանի որ Թուրքիային բերելով տարածաշրջան՝ իր դիրքերը թուլացրել է՝ Հայկազուն Ալվրացյանը հայտնեց, որ Թուրքիային տարածաշրջան բերելու գործընթացում Հայաստանի դերակատարությունը վերջինը չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան