«Հրապարակ». Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախագիծը կմտնի՞ օրակարգ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցած ուրբաթ «Հայաստան» խմբակցությունը հանդես եկավ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ։ Նախագիծը երեկ դրվել է շրջանառության մեջ։ Գրել են, որ նա իր հայտարարությունները պետք է անի կշռադատված, չխախտի Սահմանադրությունն ու օրենքները, «չառաջացնի խնդիրներ ՀՀ պետականության համար», մինչդեռ ԱԺ նախագահի հայտարարություններն ազդում են ՀՀ միջազգային հեղինակության, արտաքին և ներքին անվտանգության վրա, խախտում են գերիների «անմեղության կանխավարկածը», հոգեկան տառապանք պատճառում նրանց հարազատներին։
Մյուս հիմնավորումն այն է, որ Սիմոնյանն ընտրվելու օրվանից «անհարկի» միջամտում է ընդդիմադիրների ելույթներին, կողմնապահ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառում և չի կատարել Սահմանադրությամբ իր պարտականությունը՝ պատգամավորներ Արմեն Չարչյանի, Արթուր Սարգսյանի, Մխիթար Զաքարյանի՝ ԱԺ նիստերին «անխոչընդոտ մասնակցությունն» ապահովելու համար։ «Ալեն Սիմոնյանի վարքագիծն ինքնին խնդրահարույց է նաև պատգամավորական վարքականոնի տեսանկյունից»,- գրել են տեքստում:
ՔՊ խմբակցությունում կասկած չունեն, որ նախաձեռնությունն «օրորոցում» խեղդվելու է։ Բանն այն է, որ ինչպես շարքային նախագծերը` նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո 14 օրում գլխադասային հանձնաժողովում պետք է քննարկվի: Եթե ՔՊ-ական մեծամասնությունը մերժի այն, ներկայացնող խմբակցությունը նախագիծը կարող է համարել արտահերթ և մտցնել լիագումար նիստի օրակարգ, սակայն օրակարգում ընդգրկվելու համար պետք է մեծամասնությունը կողմ քվեարկի, ուստի հարցն օրակարգ չի մտնի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան