«Մեծամորի ոսկին» ցուցադրությանը կներկայացվեն Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը
Այսօր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց–թանգարանում կմեկնարկի «Մեծամորյան ընթերցումներ-2» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը։ Կբացվի «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շրջանակում։
Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ -ից հայտնում են, որ «Մեծամորի ոսկին» խորագրով ցուցադրության մեջ ներկայացված է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը՝ հայտնաբերված 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում։ Հավաքածուի մեջ կան ոսկու թիթեղից պատրաստված կախիկներ, ուլունքահատիկներ, զարդակոճակներ, վզնոցներ, ճարմանդներ, ճակատակալներ և այլն։ Ոսկու սրահում ցուցադրվում են նաև ագաթից, սարդիոնից, սարդոնիքսից, սաթից պատրաստված թանգարանային առարկաներ։ Առանձնահատուկ է Հայաստանում հայտնաբերված ամենահին ոսկին, որը 1,5 պտույտով հերազարդ է։
«Մեծամորյան ընթերցումներ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը նվիրված է 2017-2021 թթ․ հնավայրի տարածքում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքներին։ Գիտաժողովի բացմանը զեկուցումներով հանդես կգան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, պ․գ․դ. Աշոտ Փիլիպոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը։
Առցանց ձևաչափով գիտաժողովին կմասնակցեն Պավել Շուլգինը (ՌԴ), Քշիշտոֆ Յակուբյակը (Լեհաստան), Գոդերզի Նարիմանիշվիլին (Վրաստան), Զուբայա Սուրագանովան (Ղազախստան): Գիտաժողովին ելույթ կունենան նաև այլ մասնակիցներ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին