Մեր մտադրությունն ու ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին. Փաշինյան
«Ադրբեջանի նախագահի հետ մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը»,-ներկայացնելով նախորդ օրը Բրյուսելում ունեցած հանդիպումները՝ կառավարության նիստում հայտնեց Նիլկոլ Փաշինյանը և հիշեցրեց, որ այն ձեռք է բերվել փոխվարչապետերի մակարդակով գործող եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում:
Նա հայտնեց, որ այդ պայմանավորվածություններն ամրագրվել էին Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ էլ այդ ամենն արձանագրվել է:
«Երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն, փոխադարձության սկզբունքով՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կունենա ԻԻՀ և ՌԴ հետ, իսկ Ադրբեջանը կապ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ:
Նրա խոսքով՝ եթե հաջողվի որոշակի և արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ և հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, ապա այդ նախագիծը կարող է ավելի մեծ մասշտաբ ստանալ՝ Երասխից հասնելով մինչև Գյումրի, այնտեղից էլ՝ մինչև Կարս:
Նա հայտնեց, որ պետք է սկսեն շինարարությունը՝ ավարտելով նախագծային աշխատանքները, և գործնական և ամենօրյա աշխատանքով պետք է լուծվի այդ խնդիրը, ինչի համար էլ առաջիկայում ավելի նեղ կազմով խորհրդակցություն կանցկացվի:
«Մեր մտադրությունն ու ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին, ես չեմ ուզում գերագնահատել այս պայամանավորվածության և նախագծի նշանակությունը, բայց մյուս կողմից էլ չեմ ուզում թերագնահատել այն, սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը ես հույս ունեմ, որ ճշգրիտ ձևով կիրագործենք, որն էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային և, իհարկե, նաև քաղաքական և անվտանգային մկջավայրը, որոնց լուծման վրա պետք է կենտորնանաք առաջիկայում»,-հայտնեց Նիկոլ Փաշինյանը
Վերջինս նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ շփումները կշարունակվեն՝ փորձելով օրակարգային հարցերի շուրջ ձևակերպել ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ՝ համաձայնեցնելով և հաղթահարելով այն տարաձայնությունները, որոնք առկա են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին