Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, խոսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունների մասին, հրատապ համարել հայ ռազմագերիների` հայրենիք վերադարձի հարցը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է եվրոպական երկրների հստակ դիրքորոշման բարձրաձայնումը վերոնշյալ հարցերի վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի կարգավիճակի հարցին:
Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցեր:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է դարերի պատմություն ունեցող հայ-լեհական բարեկամական հարաբերությունները: Պավել Չեպլակը հույս է հայտնել, որ երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունն էլ ավելի կխորանա:
ԱԺ նախագահի տեղակալը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-լեհական հարաբերությունների բարելավմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը»,- նշված է հաղորդագրությունում: