Ամերիաբանկը նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility» ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ
Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility» ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ (GCPF)` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման նպատակով: Այս մասին հայտնում են Ամերիաբանկից։
«Որպես պատասխանատու ֆինանսական հաստատություն` մենք մշտապես աշխատում ենք ավելի մեծ ներդրում ունենալ շրջակա միջավայրի պաշտպանության գործում և ուրախ ենք այդ ճանապարհին համագործակցել մեր բազմամյա գործընկերներ responsAbility ընկերության և GCP հիմնադրամի հետ: Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը և հատկապես «կանաչ» ծրագրերի իրականացումը մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեն: Ստացված նոր վարկային միջոցները թույլ կտան ընդլայնել Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծավալները և միևնույն ժամանակ նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը», - նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
««responsAbility» ընկերությունն ուրախ է Ամերիաբանկին տրամադրել երկարաժամկետ առաջնային վարկեր` GCPF-ի հետ համատեղ: Ամերիաբանկը մեր երկարամյա և խոշորագույն գործընկերներից մեկն է ողջ աշխարհում: Հուսանք` նշված ֆինանսավորումը թույլ կտա առավել մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՓՄՁ ոլորտին և «կանաչ» նախագծերին` այդպիսով նպաստելով 2020թ. կրկնակի ցնցումներից հետո Հայաստանի տնտեսության վերականգնմանը», - նշել է ընկերության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և կովկասյան տարածաշրջանի գծով ավագ ներդրումային մասնագետ Յունես Բոազիսը:
responsAbility Investments AG ընկերություն
responsAbility ընկերությունը 2013 թ-ից ի վեր ավելի քան 11 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել զարգացող շուկաներում: Որպես ակտիվների պատասխանատու կառավարիչ` ընկերությունը հիմնականում կենտրոնանում է կլիմայի տեսանկյունից նշանակալի, սննդի կայուն արտադրության և ֆինանսական գործիքների հասանելիության ընդլայնման ծրագրերի վրա: Ընկերությունը սերտորեն համագործակցում է տեղական շուկաների ներկայացուցիչների հետ: Այն ունի 8 գրասենյակ աշխարհի տարբեր երկրներում, որոնք թույլ են տալիս ռազմավարական քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղակիորեն աջակցելու ուղղությամբ: Ներկայումս responsAbility ընկերության ակտիվները կազմում են 3.6 մլրդ ԱՄՆ դոլար, որոնք ընկերությունը ներդրել է շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ կառավարման բարձր չափանիշներ ունեցող ավելի քան 300 ընկերությունում`աշխարհի շուրջ 80 երկրում:
Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամ (GCPF)
Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամը Լուքսեմբուրգի օրենսդրության համաձայն գործող ներդրումային ընկերություն է, որի գործունեությունն ուղղված է զարգացող երկրներում ցածր ածխածնային տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող ծրագրերի համար բավարար ֆինանսավորման ապահովմանը: Այն հիմնադրվել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության, KfW Entwicklungsbank-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2009 թ-ին` որպես պետություն-մասնավոր գործընկերություն: Կատալիտիկ կապիտալը տրամադրվել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության, Միացյալ Թագավորության բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության դեպարտամենտի և Դանիայի զարգացման համագործակցության ընկերության կողմից: Այլ մասնավոր և պետական ներդրողների թվում են ASN բանկը, Ärzteversorgung Westfalen-Lippe-ն, FMO-ն, OeEB-ը, Sparkasse Bremen-ը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Heilsarmee-ն:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է, դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Հանդիսանալով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն փաթեթ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;
Հարակից հրապարակումներ`
- Արտերկրյա ուղևորություններից մինչև այլ թանկարժեք նվերներ. Միանգամից 3 վիճակահանություն Ամերիաբանկի կողմից
- Ամերիաբանկն իր հաճախորդների կողքին եղել են նաև դժվար պայամններում. Արման Բարսեղյան
- Ամերիաբանկը սկսել է աննախադեպ՝ 6 ամիս առանց տոկոսադրուքի և մայր գումարի մարման բիզնես վարկերի տրամադրումը
- «ՕՊԵԿ հիմնադրամը» համագործակցում է Ամերիաբանկի հետ` երկրում առկա խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար. Թ. Ալնասար
- «Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն
- Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. գլխավոր մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ
- Ամերիաբանկը ՕՊԵԿ-ի հիմնադրամից ներգրավված 30 մլն դոլար վարկը կուղղի կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորմանը
- Ամերիաբանկը մանրածախ բիզնեսի վարկավորման ցուցանիշներով գրանցել է զգալի աճ բոլոր ուղղություններով
- Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է և 9 ամսում պետական բյուջե է վճարել 7.13 մլրդ դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան