Եթե մարդիկ սկսել են ավելի լավ ապրել՝ անկախ գնաճից, ուրեմն մենք ունենք մազոխիզմի երևույթ․ Արթուր Խաչատրյան
Քովիդի, պատերազմի և նաև ոչ կոմպետենտ կառավարման հետևանքով ունեցանք 7,6 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Քովիդի հետևանքների հաղթահարման համար որոշակի գումարներ հատկացվեցին։ Այդ գումարների արդյունավետ օգտագործումն էապես կազդեր մեր տնտեսության այսօրվա վիճակի վրա՝ ստեղծելով հիմքեր գալիք տարում տնտեսական աճի համար։ Բայց մենք չունեցանք որևէ գնահատում, թե այդ գումարները, որի համար կար նաև կառավարության առանձին որոշում, ինչպես են ծախսվել»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով երկրի տնտեսական աճին վերաբերող թվերին, Խաչատրյանն ասաց․
«Մենք այս տարի պետք է ունենային ութ տոկոս տնտեսական աճ, որպեսզի հասնեինք 2019 թվականի մակարդակին։ ԿԲ-ի կանխատեսումներով՝ 4,2 տոկոս տնտեսական աճ ունենք։ Որքա՞ն կլինի գալիք տարում տնտեսական աճը, չգիտեմ։ Կառավարության կանխատեսումն, իհարկե, իրականությունից շատ հեռու է և հիմնավորումն այն է, որ պետք է բարձր ցուցանիշ դնենք, որ լավ աշխատենք։ Դրեք 27 տոկոս, որ շատ-շատ լավ աշխատեք»։
Ինչ վերաբերում է իշխող ուժի այն դիտարկումներին, թե մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց․
«Նույնիսկ կառավարության կողմից ներկայացված բյուջեում ընդունվում է, որ մարդիկ ավելի վատ են ապրել։ Եթե ավելի վատ ապրելը նշանակում է, որ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել՝ անկախ գնաճից, ուրեմն մենք ունենք մազոխիզմի երևույթ»։