Իշխող ուժը չի համակերպվում, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում որոշ համայնքներ կորցրել է․ Վարուժան Հոկտանյան
Ինչպես նախկինում էր, այնպես էլ հիմա իշխող ուժը չի համակերպվում, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում որոշ համայնքներ կորցրել է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Նրա խոսքով՝ եթե նախկինում որոշ գործընթացներ ավելի «նուրբ» էին իրականացնում, ապա հիմա այդպես չէ։ Նախքան իշխանափոխությունը, Վարուժան Հոկտանյանի խոսքով, մինչ քվեարկությունն էին այնպես անում, որ ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունից մինիմալ թվով հաղթեն ոչ կարևոր՝ երկրորդական, փոքր գյուղերում, իսկ հիմա քրեական գործերի միջոցով են փորձում ազդել։
«Վեդիի համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը հենց 2016թ.-ին հաղթեց Նոր Կյանք գյուղում՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ։ Հիմա երևի ժամանակ է պետք, որ կատարելագործվեն ու այնպես անեն, որ նախքան ընտրություններն արդեն պարզ լինի, թե ով է հաղթելու։ Առաջին փորձը փորձանք ստացվեց, ամեն տեղ չէ, որ հաջողվեց, հիմա էլ քրեական գործեր հարուցելու միջոցով են փորձում»,-նշել է Վարուժան Հոկտանյանը։
Վերջինս նշում է, որ երբ գործող իշխանությունները 2018թ.-ին եկան իշխանության, կարող էին բոլորին հենց այդ ժամանակ բացահայտել, քրեական գործեր հարուցել։ Հակառակ դեպքում ինչպե՞ս պետք է բացատրել, որ երբ ընտրությունների արդյունքները հայտնի դարձան, նման գործընթացներ սկսվեցին տարբեր համայնքապետերի նկատմամբ։ Վարուժան Հոկտանյանին նաև հետաքրքրում է՝ արդյոք նմանատիպ գործ կա՞ Գյումրու նախկին քաղաքապետի հետ կապված, որի դաշինքը հաղթեց ընտրություններում։
«Այստեղ շատ խտրական վերաբերմունք կա, և նրանք, ովքեր չեն ուզում կոալիցիա կազմել, հայտնվում են այդպիսի տհաճ վիճակում։
Բնականաբար սա շատ տգեղ երևույթ է, և եթե ոլորտի հետ առնչվող մտքեր հայտնեմ, ապա սա քաղաքական կոռուպցիայի վառ օրինակ կարող է լինել, որ ի վերջո քաղաքական իշխանությունը, որը կարող է ծառայել նաև անձնական իշխանության և անձնական օգուտ ստանալու նպատակով, կենտրոնացվում է իրենց թիմակիցների ձեռքում՝ արհամարհելով ժողովրդի ընտրությունը»,-ասել է Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, թե չի կարծում, որ ՔՊ-ական համայնքապետերի նկատմամբ ևս այդքան սկզբունքային կգտնվի իշխանությունը։
Ի վերջո` Վարուժան Հոկտանյանը գտնում է, որ ամեն իշխանափոխությունից հետո նախորդ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող համայնքապետերը կարող են հայտնվել այս կարգավիճակում ու այդպես շարունակ, ինչի հետևանքով ՏԻՄ համակարգն այդպես էլ չի կայանա։
Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները և հենց վարչապետն էլ բազմիցս պնդել են, թե կոռուպցիան արմատախիլ է արվել, բայց արդյոք սա հավասարապես վատ երևույթ չէ, Վարուժան Հոկտանյանը նախ նկատել է՝ նույնիսկ Դանիան, Նոր Զելանդիան, որոնք քիչ կոռումպացված երկրներ են համարվում, արմատախիլ չեն արել կոռուպցիան, հետևաբար Հայաստանի համար տեղին չէ այդ բառն օգտագործել։
«Ընտրակաշառք երևի չեն բաժանել, բայց վարչական ռեսուրս են գործադրել։ Չար լեզուներն ասում են, որ ընտրություններից առաջ սուբվենցիաներ, սոցիալական աջակցություն են բաժանել բնականաբար օրինական հիմքերով։ Կոռուպցիան շատ տարբեր դրսևորումներ ունի։ Իսկապես կան ոլորտներ, որտեղ էապես կրճատվել է, կամ կոռուցպիայի տեսակներ ու դրսևորումներ, որ կրճատվել են, բայց արմատախիլ բառը նույնիսկ Դանիայում ու Նոր Զելանդիայում չի գործածվում»,-նշել է Վարուժան Հոկտանյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան